«Կյանքը ցույց կտա». Կոպիրկինը՝ Արցախում խաղաղապահների անժամկետ ներկայության հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

Կոպիրկին

Ռուս խաղաղապահների ներկայությունը կարևոր ներդրում է այն բանում, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրեն անվտանգության զգացումով, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Երևանում «Նոր սերունդ» ծրագրի շրջանավարտների հետ հոբելյանական հանդիպումից հետո, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը:

Կողմերի նախնական պայմանավորվածությամբ ռուս խաղաղապահները Ղարաբաղում տեղակայված են հինգ տարի ժամկետով։ Սակայն վերջերս Լեռնային Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանը նշել էր ռուսական զորախմբի անժամկետ ներկայության անհրաժեշտությունը։

«Կան պայմանավորվածություններ և կա մեր խաղաղապահ զորակազմի գործունեությունը, որն իրոք կարևոր ներդրում ունի այն բանում, որ մարդիկ այս տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացումով և ապագայի տեսլականով: Սա իսկապես խաղաղության և դրականության լուրջ և կարևոր գործոն է այս դժվարին իրավիճակում»,- ասել է դիվանագետը։

Խոսելով կողմերի հետագա գործողությունների և խաղաղապահների անժամկետ ներկայության հնարավորության մասին՝ նա նշել է.«Կյանքը ցույց կտա»։

--00--ԱԹ