Կարևոր է, որ մարդիկ իրենց տարածաշրջանում հանգիստ և ապահով զգան. Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

Կոպիրկին

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 13-ին մեկնարկած «Новое поколение 2021» հոբելյանական ֆորումի շրջանակներում պատասխանել է հայ երիտասարդության ներկայացուցիչների հարցերին: Երկօրյա Ֆորումը անցկացնում է Երևանում Ռուսական տունը (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում):

Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Դ.Բաղդասարյանը հարցրել է.

«Հայտնի է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն Արցախում պետք է գտնվեն 5 տարի։ Ի՞նչ քայլեր կձեռնարկի Մոսկվան, եթե այդ ժամկետը լրանալուց հետո Ադրբեջանը պահանջի դուրս բերել ռուսական խաղաղապահ զորախմբին Լեռնային Ղարաբաղից»:

Ի պատասխան` Կոպիրկինը նշել է.

«Պատմությունը, ինչպես գիտեք, չի սիրում «եթե»-ներ և մեզ սովորեցնում է գործել փաստերով։ Այդ իսկ պատճառով ես չէի ցանկանա այդքան էական հարցի շուրջ տրվել երկար և հիպոթետիկ մտորումների։ Այսօր մեր նպատակն է կենտրոնանալ հիմնական խնդիրների լուծման վրա: Դրանք են՝ խաղաղ բնակիչների և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապահովումը, ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիությունը և բնականոն կյանքի հաստատումը։ Կարևոր է, որ մարդիկ իրենց հանգիստ և ապահով զգան։ Ակնհայտ է, որ հենց այս խնդիրների լույսի ներքո ապագայում կլուծվի խաղաղապահների հարցը, ընդ որում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ներգրավված բոլոր մասնակիցների կողմից:

Խաղաղապահ առաքելության ջանքերի գործնական արդյունքները մենք կարող ենք տեսնել արդեն այսօր։ Շարունակվում են ականազերծման աշխատանքները, արդեն հայտնաբերվել է մոտ 26 հազար պայթուցիկ օբյեկտ, մաքրվել է մոտ 2,3 հազար հեկտար տարածք, ստուգվել է մոտ 2 հազար շինություն և 680 կմ ճանապարհային ցանց։ Մեծ աշխատանք է կատարվել քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, ինչի համար ՌԴ ԱԻՆ-ի և Ռուսական խաղաղապահ զորքերի համատեղ ուժերով մատակարարվել է մոտ 1,5 հազար տոննա մարդասիրական բեռ և 800 տոննա շինանյութ։

Անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել տեղի բնակիչներին ջրով, էլեկտրաէներգիայով և կապով ապահովելու խնդիրները լուծելու համար։ Խաղաղապահներն իրենց վրա են վերցրել բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու գործը և մինչ օրս աջակցում են բարեգործական կազմակերպությունների պատրաստած մարդասիրական օգնության տեղափոխմանը: Հասցեավորված բաշխվել է ավելի քան 230 տոննա օգնություն։ Ղարաբաղ է վերադարձել շուրջ 53 հազար փախստական: Ի լրումն
վերոնշյալ խնդիրների՝ մեր խաղաղապահների գլխավոր նպատակն է ապահովել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։ Այսօր, կարելի է ասել, որ կյանքն աստիճանաբար բարելավվում է»։

--00--ԱԹ