Ադրբեջանցիները յուրացրել են հատկապես մեր ծիսական կերակուրները, որոնք պայմանավորում են մեր տեսակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

«Ադրբեջանցիները յուրացրել են հատկապես մեր ծիսական կերակուրները, որոնք պայմանավորում են մեր տեսակը»,- 24TV-ի հետ հարցազրույցում ընդգծեց ճանաչված խոհարար Սեդրակ Մամուլյանն՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից պարբերաբար յուրացրած և յուրացվող մեր ազգային կերակրատեսակների թեմային:

«Թուրքերն ուզում են տոլմայի պատրաստման միջոցներից հանել խաղողի տերևի եղանակը, որը մերն է: Չամանապատ բաստուրման ստեղծել և տարածել են Կեսարիայի հայերը, իսկ թուրքերի սեղմած-ապխտածը քոչվորին բնորոշ երևույթ է: Գոռալու փոխարեն պինդ պահենք մեր կերակրատեսակները, որ թուրքերը չտանեն:

Տոլմայի պատրաստման մեր եղանակը նախաձեռնում ենք ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին: Նաև ազգային խոհանոցի 5 տարվա ռազմավարական ծրագիր ենք նախաձեռնել, աշխարհի տարբեր հարթակներում ներկայանալու հնարավորություն կունենանք: Հայաստանը խոհարարական դիվանագիտության հարթակ կստեղծի հարևան երկրների հետ երկխոսելու համար: «Միմինո» ֆիլմի թեմայով վրացիների հետ բանակցում ենք հայ-վրացական կերակրատեսակների միջոցառումներ կազմակերպել Դիլիջանում և Թելավիում: Պարսիկների հետ քննարկում ենք արիական խոհանոցին բնորոշ միջոցառումներ իրականացնել»,- շարունակեց խոհարարը:

Մամուլյանը անդրադարձավ նաև ազգային խոհանոցի ավանդական կերակրատեսակների պահպանման թեմային:

«Աշխարհում հայ տատիկից լավ տնտեսվար չկա. մեր ընտանիքներում պետք է վերականգնենք շերեփի կարգավիճակը: 300 անուն վայրի ուտելի բույս ենք ճանաչում, բայց այդ պաշարը լավ չենք օգտագործում: Վիտամինների խնդիր չենք ունենա, եթե սնվենք ազգային կերակրատեսակներով: Միսիոներների քարոզած սննդակարգը, դիետան և արհեստական քաղցրը խիստ վտանգավոր են օրգանիզմի համար: Իսկ հնում Ամանորի կերակրատեսակները պատրաստել ենք աշխարհին խաղաղություն մաղթելու խորհրդով: Մեր տունը մի պետություն էր, պիտի վերականգնեք այդ պետությունը, որ մեծ տունը կառուցենք,- վստահեցրեց խոհարարը:

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում: