ՊՆ-ն հերքում է․ Սոթքում դիվերսիոն ներթափանցման փորձի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նկար

Պաշտպանության նախարարությունից կապ հաստատեցին 24News-ի հետ ու հայտնեցին, որ Սոթքի հանքավայրի հարակից դիրքերից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Ավելի վաղ գրել էինք՝ Գեղարքունիքի մարզպետարանը և Սոթքի հանքավայրի պաշտոնական ներկայացուցիչը չեն մեկնաբանում լուրերը, թե ադրբեջանական դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել Սոթքի հանքավայրի հարակից դիրքեր:

«Առանց մեկնաբանությունների», - ասաց Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Հանքավայրում աշխատանքն ամբողջ ծավալով ընթանում է», - հավելեց Գրիգորյանը։

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը հրաժարվեց մեկնաբանել ներթափանցման մասին տեղեկությունը։

«Ես ՊՆ-ի գծով իրավասու չեմ նման բան հայտնել։ ՊՆ-ից, կորպուսից ճշտե՛ք, նման տեղեկատվություն տալու լիազորություն չունեմ, հարգելի՛ս», - եզրափակեց նա։

Սոթք բնակավայրը մտնում է Գեղամասար համայնքի կազմում։ Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը 24News-ին ասաց, որ ներթափանցման մասին աղմուկ եղել է, բայց հիմնավոր որևէ բան չի իմացել։

«Չեմ ուզում կոնկրետ ժխտել, որովհետև կարող է ՊՆ-ի գաղտնի բան էլ լինել, բայց չկարողացա իմանալ, որքան հետաքրքրվեցի։ Կարող է՝ ինչ-որ փոքր փորձ է արվել, դեմն առել են, բայց այս պահին իրավիճակը նորմալ է», - եզրափակեց Գեղամասարի ղեկավարը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ