Սթրես, վախ․ Գյումրիում ցնցումներից հետո շտապօգնության զանգերի թիվն աճել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

նկար

Նախորդ օրը երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների, հետագա անելիքների և աշխատանքների համակարգման նպատակով այսօր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են մարզային իշխանության ներկայացուցիչներն ու պատասխանատու կառույցների ղեկավարները։

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի և ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցի ղեկավարները ներկայացրել են երկրաշարժից հետո արձանագարված հետցնցումների և գրանցված ահազանգերի մասին տեղեկատվություն՝ փաստելով, որ փլուզումների և վնասների մասին ահազանգեր չեն արձանագրվել։ Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում:

Ըստ «Գյումրու շտապ բուժօգնության կայան»-ի տնօրենի զեկույցի` զանգերի թիվն աճել է ցնցումներից հետո, որն հիմնականում պայմանավորված է եղել մարդկանց սթրեսային վիճակով և վախով։ 22․25-ից մինչև ժամը մեկն արձանագրվել է 28 կանչ։

Շիրակի մարզպետը հորդորել է պատասխանատուներին լինել աչալուրջ և տեղեկատվության փոխանակման առումով՝ առավել օպերատիվ։

--00—ԼՄ