Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը երկիրը լքել ցանկացող Հայաստանի քաղաքացիներին օգնություն է ցուցաբերում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

հասարակական

Ուկրաինայում ՀՀ դեսպանատունն օգնություն է ցուցաբերում Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են դուրս գալ երկրից։ Այս մասին 24News-ին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը։

Պատգամավորն ասաց, որ խոսել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ ու քննարկել հայ համայնքի հետ կապված խնդիրները։ «Դեսպանն ասաց, որ քաղաքացիների հետ կապի մեջ են։ Ժողովրդին տարհանելու խնդիր դրված չէ, բայց եթե կան մարդիկ, որոնք ուզում են լքել Ուկրաինան, դեսպանությունն օգնում է», - նշեց նա։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԿԿ