Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Thumbnail

Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղը, ամենայն հայոց բանաստեղծի դիմանկարները, նրա հեքիաթների հերոսներին պատկերող և այլ թեմաներով 45 կտավ ներկայացված է «Նոր սերունդ, նոր անուններ» վերտառությամբ ցուցահանդեսում: Վերջինիս բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 13-ին Հայաստանի նկարիչների միությունում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։

«Մենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում, որոշեցինք նախաձեռնել այս ցուցահանդեսը: Այն նպատակ ունի հանրահռչակել պատանի նորահայտ նկարիչներին: Ցուցահանդեսի իրականացման համար հայտարարել էինք մրցույթ` նշելով, որ բոլոր պատանի նկարիչները, որոնք ցանկանում են, որ այստեղ ընդգրկվեն իրենց ստեղծագործությունները, կարող են ներկայացնել այնպիսի գործեր, որոնք սիրով կնվիրեին Թումանյանին: Ստացել ենք 40 հայտ, ընտրվել է 27 նկարչի աշխատանք»,-ասել է «ԱրթԶ» կրթամշակութային հասարակականկազմակերպության փոխնախագահ Մարիամ Խաչատրյանը:

Ցուցահանդեսին 2 կտավ ներկայացրած նկարչուհի Մանու Հարությունյանն ասել է, որ  յուրաքանչյուր երիտասարդ ստեղծագործող պետք է օգտագործի ցուցադրվելու և ներկայանալու բոլոր հնարավորությունները:

Ըստ արվեստաբան Սաթենիկ Վարդանյանի` Հովհաննես Թումանյանը սերունդներին է փոխանցել ապրելու, արարելու, ստեղծագործելու, միմյանց հետ հարաբերվելու, բարու և ճշմարտության ճանապարհով առաջնորդվելու ճանապարհը, ապա հավելել, որ ժամանակակից սերնդի ներկայացուցիչների համար ցուցահանդեսը ինքնադրսևորվելու լավ հարթակ է:

Ցուցահանդեսը կյանքի է կոչվել «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Նկարիչների միության աջակցությամբ:

Այն բաց կլինի մինչև փետրվարի 18-ը: