Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

հ

1991 թվականին՝ անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն և նշվում է որպես Սահմանադրության օր:

Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով․ առաջինը 2005 թվականի նոյեմբերի 27-ին հաստատվեց համաժողովրդական հանրաքվեով:

Սահմանադրության առաջին հոդվածում նշված է.

«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Ըստ Սահմանադրության երկրորդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։

Հիմնական օրենքը երկրորդ անգամ փոփոխվեց 2015-ի դեկտեմբերի 6-ին, որի շրջանակում Հայաստանը նախագահականից անցավ խորհրդարանական կառավարման։ Վարչապետի լիազորություններն ընդլայնվեցին, նախագահինը՝ նվազեցին։

2020 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի Ազգային ժողովը կայացրեց «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվե դնելու մասին» որոշումը։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն պետք է տեղի ունենար 2020-ի ապրիլի 5-ին, սակայն, երկրում արտակարգ դրությունը հիմք ընդունելով, Հայաստանի Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն, ըստ որի ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, Ազգային ժողովը որոշում  կայացրեց ուժը կորցրած ճանաչել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։

--00—ԼՄ