Էշին նստելը մի այիբ ա, իջնելը՝ երկու. Գ. Մանուկյանը՝ ՔՊ-ի մանդատից զրկելու քայլի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

հասարակական

Ժողովրդական մի խոսք կա՝ «Էշին նստելը մի այիբ ա, իջնելը՝ երկու», հիմա ՔՊ-ն 2 այիբի մեջ մնաց։ Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան չդիմելու որոշմանը։

«Երկրորդը, այն բոլոր հերթապահ խոսքերը՝ օրենքի պաշտպանություն, կանոնակարգ, Սահմանադրության գերակայություն, հօդս ցնդեցին ՔՊ-ի կամ Ազգային ժողովի խորհրդի երեկվա կայացրած որոշմամբ։ Եվ ևս մեկ անգամ փաստվեց, որ սա քաղաքական հետապնդում էր։ Այլոց քաղաքականության նկատմամբ անհանդուրժողականություն էր, որն առաջին և, ցավոք սրտի, վերջին դրսևորումը չի լինելու», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Երեկ Ազգային ժողովի խորհրդի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ զրույցում մի քանի կետեր նշեց, թե ինչու որոշեցին չդիմել ՍԴ։ Ռուբինյանը նշեց «ժողովրդի տված քվեի հանդեպ հարգանքը», «մեր երկրին պետք է  կայունություն և հանդարտություն», ՍԴ դիմելը որակեց որպես փրկօղակի նետում ընդդիմությանը ԱԺ-ից։

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը, պատասխանելով հարցին, թե ունե՞ր այն համոզմունքը, որ ՍԴ-ն ՔՊ-ի օգտին որոշում չէր կայացնի, ասաց. «Ես ՔՊ-ի, այս իշխանության, քաղաքական մեծամասնության առումով որեւէ համոզմունք չունեմ, բացի մեկից, որ սրանք չարիք են հայ ժողովրդի համար և օր առաջ պետք է հեռանան»։

Սերգեյ Առաքելյան

--00--ՏՏ