Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների՝ Շուշի չայցելելը «մատ» է Ադրբեջանի քաղաքականությանը. վերլուծաբան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

anna

Ադրբեջանում Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանների՝ Շուշի քաղաք չայցելելու մասին ադրբեջանական կողմի դժգոհությունը հասկանալի է, որովհետեւ դա «մատ» է իր կողմից պատերազմից ի վեր տարվող քաղաքականությանը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը։

Օգոստոսի 27-ին Շուշիում կայացած խորհրդաժողովի ընթացքում, որին մասնակցել էին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու հրավերը: Հաջիևը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի այս քայլը որակել էր որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»՝ հավելելով, որ, ամերիկյան և ֆրանսիական կողմերի կարծիքով՝ հակամարտությունը դեռ չի կարգավորվել։

Վերլուծաբան Աննա Կարապետյանի խոսքերով՝ Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ամբողջ աշխարհի համար ընկալելի է, որ արցախյան հակամարտությունն այլեւս չկա, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի արդյունքներն ընդունելի և ընկալելի են։ «Այս առումով, իհարկե, Ադրբեջանի համար Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների չայցելելը Շուշի բավականին ցավագին պետք է ընկալվեր։ Ինչ վերաբերում է դեսպանների չայցելելու պատճառներին, ապա սա կարելի է ընկալել պատասխան Ադրբեջանի ղեկավարության բավականին անհարգալից վերաբերմունքին Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի նկատմամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների նկատմամբ։

Ալիեւը վիրավորական ձեւակերպումներ էր թույլ տալիս ՄԽ-ի նկատմամբ՝ «թոշակի» ուղարկեց, շնորհակալություն չհայտնեց, «ցտեսություն» ասաց համանախագահներին և այլն», - շարունակեց Կարապետյանը։ «Բացի այս, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան փորձում են ապագայի համար պահպանել ՄԽ համանախագահության ձեւաչափի հեռանկարը, հնարավորությունը, որպեսզի եթե չստացվի բրյուսելյան գործընթացի միջոցով տարածաշրջանային հարցերի ամբողջ գործընթացը վերցնել Արեւմուտքի միջնորդության հովանավորության ներքո և դուրս մղել Ռուսաստանին, ապա գոնե հնարավոր լինի պահպանել այնպիսի ձեւաչափ, որտեղ Արեւմուտքն ունի լեգիտիմ մասնակցություն և դրա միջոցով ազդեցություն տարածաշրջանի վրա։ Իսկ այդ ձեւաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է, որը միջազգային մանդատ ունեցող միակ ձեւաչափն է բանակցությունների միջնորդության համար», - եզրափակեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետը։

Ավելի վաղ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանում և Թուրքիայում հավատարմագրված դիվանագիտական ​​ներկայացուցչությունների շուրջ 70 անդամ այցելել է Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի։