Ադրբեջանի հետ դեռևս համաձայնություն չկա բախման վայրերում որոնողական աշխատանքներ սկսելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News    

կխ

Ադրբեջանի հետ դեռևս համաձայնություն չկա հայ-ադրբեջանական բախման վայրերում զոհվածների մարմինների, անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներ սկսելու վերաբերյալ։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Ըստ նրա՝ որոնողական աշխատանքներն իրականացվելու են ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ։ 

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ասաց, որ այս թեմայով նորություն լինելու դեպքում պաշտպանական գերատեսչությունը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի։ 

Երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին այս թեմայով 24News-ին ասել էր, որ կազմակերպությունը դեռ հաստատում չի ստացել իր մասնակցության վերաբերյալ. «Սպասում ենք հաստատումների և մեր կազմակերպության դերի հստակեցմանը որոնողական գործողություններում։ Մենք առաջարկել ենք մեր ծառայությունները, մեր թիմերը մոբիլիզացված են։ Պետք է երկկողմանի համաձայնություն, որ մենք էլ հասկանանք՝ ե՞րբ, ինչպե՞ս ենք մտնում աշխատելու, միջնորդելու։ Իրականում կողմերը պետք է աշխատեն, մենք չեզոք միջնորդի դերում կապահովենք միջազգային ստանդարտի համաձայն աշխատանքի իրականացումը»։

Ըստ Ամատունու՝ անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համաձայնությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը. «Հնարավոր է, որ կողմերն այլ համաձայնության գան, առանց մեր իրավասության գործողություններ տեղի ունենան, օրինակ՝ մեկ գերեվարվածի վերջին փոխանցումը»։

 

Սերգեյ Առաքելյան

-00—ԱՊ