Զատուլինի նկատմամբ արգելանքը անխելքություն է, նրա վաստակը բացառիկ է հայկական և արցախյան հարցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

զ

Իշխանություններն աշխատում են, այսպես ասած, «սև ցուցակ» ստեղծել։ Այս մասին 24News-ին ասաց «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան, հրապարակախոս Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով ռուսաստանցի գործիչների՝ ՀՀ տարածք մուտքի արգելքների թեմային։

Երեկ հայտնի էր դարձել, որ ՀՀ իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի՝ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ, հայ-ռուսական «Լազարևյան ակումբի» համահիմնադիր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Իսկ այսօր հայտնի դարձավ, որ ռուսական «Russia Today» միջազգային լրատվական հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը նույնպես արգելվել է։

Վերլուծաբան Հակոբ Ավետիքյանի խոսքերով, իշխանություններն «աջուձախ, անխնա» աշխատում են, որպեսզի «սև ցուցակը» լցվի այնպիսի մարդկանցով, որոնք իրենց դուրը չեն գալիս՝ թե՛ հայեր, թե՛ օտարներ։

«Զատուլինի վաստակը բացառիկ է եղել հայկական և արցախյան հարցում։ Եվ այդ մարդը մոտիկից հետևում էր, շահագրգռված մոտեցում ուներ հօգուտ հայերիս և Հայաստանի։ Նրա նկատմամբ արգելանքը հավասար է անխելքության։ Իշխանությունները բոլոր աշխատանքները տանում են, որպեսզի կարողանան Հայաստանը մեկուսացնել նույնիսկ մեր ազգակիցներից, հայրենակիցներից, բարեկամներից։

Հիշո՞ւմ եք Մուրադ Փափազյանի և երիտասարդ Սյունեի մասին որոշումը։ Ենթադրում եմ, որ այդ ցուցակն արդեն մեծ է։ Մենք բոլորի անունները չգիտենք, բայց հետզհետե դրա մասին կիմանանք», - ընդգծեց «Ազգ» թերթի գլխավոր խմբագիրը։

Ավետիքյանն այն կարծիքին չէ, թե իշխանությունների այս որոշումը որևէ օտարերկրյա ուժի կողմից պարտադրանք է․ «Օտար երկրների համար տասներորդական, քսաներորդական հարց է, թե Մարգարիտա Սիմոնյանը Հայաստան մո՞ւտք է գործել, թե՞ ոչ։ Եվ սա զուտ «տեղական արտադրություն» է, այսինքն՝ այդ անմտությունը «տեղական արտադրանք» է»։

Իսկ թե ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ հիշյալ գործիչների արգելքները, ապա Հակոբ Ավետիքյանն ասաց․ «Չեմ կարծում, թե Մարգարիտա Սիմոնյանի արգելքը կարող է անմիջական հետևանք ունենալ, բայց Զատուլինի պարագայում հաստատ որ կլինի»։ «Զատուլինն ազդեցիկ է նաև Պետդումայում և Ռուսաստանի վերին քաղաքական էյշելոններում։ Այնպես որ, դա իր բացասական ազդեցությունն անպայման կթողնի մեզ վրա։ Հերթը գալու է լրագրողներիս, որի մասին դեռևս անցյալ տարի եմ խոսել՝ ռեպրեսիա, ռեպրեսիա», - եզրափակեց «Ազգ» թերթի գլխավոր խմբագիրը։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ