Մարդիկ չեն ուզում ուսուցիչ աշխատել, պետք է բոլոր ուսուցիչների աշխատավարձերը կտրուկ բարձրացվեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Ս

Կրթության ոլորտում ամենամեծ խնդիրն այն է, որ բոլոր ուսուցիչների աշխատավարձերը չեն բարձրացվում։ Այս մասին 24News-ին ասաց ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023-ի բյուջեի թեմային։

Նոյեմբերի 9-ին ԿԳՄՍՆ-ն հայտնել էր, որ Ազգային ժողովում քննարկվել է 2023 թվականի պետական բյուջեի հայտը: «2023 թվականի բյուջեով ԿԳՄՍ նախարարության համար նախատեսվել է 250.03 միլիարդ դրամ, որը 23,5 միլիարդ դրամով ավելին է, քան 2022 թվականի հաստատված բյուջեն: Կրթության ոլորտին բաժին է ընկնում նախարարության բյուջեի 77 տոկոսը, գիտությանը՝ 12 տոկոսը, մշակույթին՝ 7 տոկոսը, սպորտին՝ 3 տոկոսը, երիտասարդությանը՝ 1 տոկոսը», - նշվում էր ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Կապիտալ ծախսերը 2022 թվականի համեմատ աճել են 8 մլրդ դրամով, որը պայմանավորված է կրթության և սպորտի ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերով, իսկ ընթացիկ ծախսերի գծով նախատեսվում է 15 մլրդ դրամի ավելացում», - ասված էր հաղորդագրության մեջ։ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանն ասաց, որ դրական է ԿԳՄՍՆ-ի 2023-ի համար բյուջեի ավելացումը, բայց պետք է հասկանալ, թե ինչի հաշվին։

«Վերջին 4 տարիների ընթացքում բոլոր ուսուցիչների բազային աշխատավարձերն ընդամենը 10%-ով են բարձրացել։ Բայց ապրանքների, ծառայությունների (օր.՝ տաքսի ծառայության) գները նույնպես բարձրացել են, հետևաբար՝ այսօր շարքային ուսուցիչն ավելի վատ է ապրում։ Այս առումով առաջնահերթ է բոլոր ուսուցիչների բազային աշխատավարձերի բարձրացումը։ Պետք է կտրուկ բարձրացվեն։ Դրա փոխարեն նախարարությունը բարձրացնում է որոշակի խմբերի աշխատավարձը, օր․՝ այն ուսուցիչների, որոնք կամավոր ատեստացիա են անում, որոնց թիվն ընդհանուր մոտ 1400 է եղել։ Ավելացվում են մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը, և այլն։

Այս ամեն ինչը լավ է, բայց երբ որ այս բոլոր թվերը գումարում ենք իրար, արդյունքում ստացվում է, որ, այնուամենայնիվ, բոլոր ուսուցիչների կեսից ավելին շարունակում է մնալ 80 հազար դրամ աշխատավարձով, որն անթույլատրելի է», - ընդգծեց Խաչատրյանը։ Հարցին՝ արդյունավետ եղե՞լ են 2022 թվականի բյուջեի ծախսերը, Խաչատրյանը պատասխանեց. «Կետերը, որոնք նշեցի, քաղաքական տեսանկյունից են ձեռնտու․ իշխանությունները հայտարարել են՝ «մինչև 400 հազար դրամ աշխատավարձ ենք տալիս», բայց այդ 400 հազարը ստանում են աննշան թվով մարդիկ, մի քանի հարյուր մարդ»։ «Քանի դեռ բոլոր ուսուցիչների աշխատավարձերը չեն բարձրացվել, ես դժգոհ եմ լինելու։ Մեր մանկավարժական բուհերը դիմորդ չունեն, քանի որ մարդիկ չեն ուզում ուսուցիչ աշխատել, թողնում, դուրս են գալիս։

1 տարվա ընթացքում եղել է ուսուցիչների թվի կտրուկ նվազում։ Ինչո՞ւ է սա տեղի ունենում, որովհետև ուսուցիչների բազային աշխատավարձը ցածր է։ Վարորդների, ոստիկանների աշխատավարձերը 300 հազար դրամից անցել են, իսկ ուսուցիչներինը, չգիտես ինչու, միայն ատեստավորմանը 50 տոկոսից բարձր արդյունք ստանալու դեպքում է դառնում 300 հազար դրամ։ Ինչո՞ւ է այսպիսի խտրականություն դրվում, ինչո՞ւ չի բարձրացվում բազային աշխատավարձը», - ընդգծեց փորձագետը։ «Առանձին խմբերինը բարձրացնելը լավ է, բայց պրոբլեմներ ենք ունենալու։

Մենք ունենալու ենք դպրոցներ, որտեղ բնագիտության ուսուցիչներն ավելի բարձր են վարձատրվելու, քան մնացած առարկաների ուսուցիչները։ Սա էլ է խնդիրներ ստեղծելու։ Այսինքն՝ հասարակագիտական առարկաներ, լեզուներ դասավանդող ուսուցիչները նվաստացած են զգալու։ Այսինքն՝ պետությունն ուզում է ասել, որ «էս պահին ձեր առարկաները կարևոր չեն, բնագիտությունն է կարևոր։ Հասկանալի է, բնագիտության ուսուցիչները քիչ են, դրա համար են խրախուսում բարձր աշխատավարձով, բայց պետք է ավելի համակարգային լուծում տալ», - հավելեց Սերոբ Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է մյուս ոլորտներին տրամադրվելիք գումարներին, ապա կրթության փորձագետն ասաց, որ պետք է ոչ միայն տոկոսներին ուշադրություն դարձնել, այլև գումարին։ «Մեր երկրի բյուջեն այլ երկրների համեմատ շատ փոքր է, դրա համար բարձր տոկոսները, որ նշված են (12, 7, 3 և այլն), փաստացի մեծ գումարներ չեն։ Այո՛, մենք ունենք բյուջեի աճ, բայց պետք է հաշվի առնենք, որ ապրանքների թանկացում է եղել։ Այդ թանկացումների արդյունքում է բյուջեի աճ եղել, ուրեմն պետք է աշխատավարձերն էլ աճեն», - եզրափակեց Խաչատրյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ