Իրանի հիմնարար քաղաքականությունը պատերազմին հակադրվելն է․ Ռայիսին՝ Պատրուշևի հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

l-0x20wh-786x458z-1.jpeg

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Նա նշել է, որ անկախ երկրների համագործակցությունը ամենավճռական պատասխանն է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների վարած պատժամիջոցների և ապակայունացման քաղաքականությանը, գրում է 1lurer.am-ը:

Ընդգծելով, որ Իրանի հիմնարար քաղաքականությունը պատերազմին հակադրվելն է՝ Ռայիսին հավելել է, որ պատերազմի ընդլայնումն ու սրումը մտահոգում են բոլոր երկրներին։

Պատրուշևը, խոսելով երկկողմ համագործակցության կարգավիճակի մասին, ընդգծել է, որ ակտիվ աշխատանք է տարվում քաղաքական, առևտրային, էներգետիկ, գյուղատնտեսության և տարանցման ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ, և Իրան-Ռուսաստան համատեղ տնտեսական հանձնաժողովը նույնպես հետևում է երկու երկրի նախագահների պայմանավորվածությունների կատարմանը:

Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանային կառույցների ու կազմակերպությունների շրջանակում Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները կզարգանան: Ավելի վաղ Պատրուշևին ընդունել էր Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

--00—ԶՀ