«Կիրթ և կառուցողական ցեղասպանը…»․ Դերենիկ Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Դերենիկ

«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյան գրում է․

«Կիրթ և կառուցողական ցեղասպանը…

Արհեստածին Ադրբեջանի նավթոտ (վերջին տարիներին ավելի շատ գազոտ) բռնապետը նոյեմբերի 8֊ին օկուպացված Շուշիում հերթական սպառնալիքների տարափն էր հնչեցրել Հայաստանի հասցեին, որին այս անգամ ՀՀ դե ֆակտո վարչապետը որոշեց արձագանքել։

«Վիրտուալ Հայաստանի» տրամաբանության շրջանակներում նախ իշխանամետ ԶԼՄ֊ները անոնս արեցին, թե այս անգամ Պապ թագավորի նվիրյալ հետնորդը Բաքվի բռնապետի «պորտը տեղն է դնելու», մինչդեռ արդյունքում ստացանք հերթական լացուկոծը ու իրարամերժ հայտարարությունների շարանը։

Փորձեմ անդրադառնալ ըստ իս այսօրվա ելույթի ամենախնդրահարույց դրվագներին.

- Նախ ելույթում 8 անգամ օգտագործվում է «ցեղասպանություն» բառը` գուժելով, որ Ադրբեջանը ցանկանում է բնաջնջել Արցախի հայ ժողովրդին։ Նույն անձը, Թուրքիայի մասին իր բոլոր հրապարակային ելույթներից, լինի դա ՄԱԿ֊ում, թե այլ կարևոր հարթակներում, դուրս է մղել «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը, հրաժարվել է ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարից, Ադրբեջանին և Թուրքիայի բռնապետերին կիրթ և կառուցողական ներկայացնելով ամեն կերպ մաքրել է նրանցից ցեղասպանական պիտակը` Այդ թվում 44֊օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո տեղի ունեցած պատերազմական գործողությունները։

Միաժամանակ անհասկանալի է, թե ինչպես է վերջինս պատկերացնում Արցախը Ադրբեջանի կազմում՝ բազմիցս նշելով, թե իբր Հայաստանը մի քանի անգամ` սկսած 90-ականներից, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, երբ իր իսկ բնորոշմամբ նման սցենարի դեպքում Արցախի հայությանը սպառնում է ցեղասպանություն։

Ավելին, նրա թիմակիցներից շատերը հավատում են Արցախի հայության անվտանգ կենսագործունեությանը ցեղասպան Ադրբեջանի վերահսկողության տակ։

– Ելույթում ակնհայտ մանիպուլացվում է ճանապարհների ապաշրջափակման թեման` մի կողմից նշելով, որ ըստ փաստաթղթերի` ՌԴ ԱԴԾ-ը իրականացնելու է վերահսկողություն դեպի Նախիջևան տրանսպորտային կապի նկատմամբ, մյուս կողմից պնդելով, թե իբր մեր սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և մեր սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք չկա։ Ընդ որում, նշվում է, որ ՌԴ ԱԴԾ-ը պետք է միայն վերահսկի պայմանավորվածությունների կատարումը, ինչը չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից, քանի որ այնտեղ հստակ նշվում է, որ վերահսկումը վերաբերում է հենց «անխոչընդոտ տեղաշարժի ապահովմանը»։

– Տարօրինսկ է նաև Արցախի ՊԲ առկայությունը զուտ ցեղասպանության սպառնալիքով հիմնավորելու փորձը։ Ստացվում է, որ ըստ ՀՀ փաստացի իշխանությունների, ԼՂ-ում բանակը ոչ թե պետականությանը հատուկ ատրիբուտ է, այլ ցեղասպանությունից խուսափելու միջոց։

– Առաջին անգամ որոշ դետալներ է ներկայացվում այսպես կոչված «հայելային հետքաշման» տխրահռչակ բանաձևի վերաբերյալ։

Ներկայացված տրամաբանությամբ(3 կմ լայնոքով սահմանների ապառազմականեցում), օրինակ, Կապան քաղաքի կեսը՝ այդ թվում Կապանի օդանավակայանը, պետք է «ապակռազմականացվի»(տե՛ս հրապարակմանը կից քարտեզում)։ Այսինքն Սյունիքի ամենախոշոր քաղաքը պետք է անպաշտպան մնա, մինչդեռ բոլորին հայտնի է, թե ինչպես է Ադրբեջանը կատարում իր պարտավորությունները։ Նույնը կարելի է ասել սահմանամերձ մի շարք այլ, ավելի փոքր բնակավայրերի մասին։

Ընդհանուր առմամբ, ելույթը կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ.

Կիրթ և կառուցողական նորելուկ Թալիաթը պատրաստվում է արցախահայությանը ցեղասպանության ենթարկել, բայց մենք շարունակում ենք հավատարիմ մնալ  «խաղաղության օրակարգին»՝ այդ թվում Արցախը թողնելով Բաքվի բռնապետի ողորմածությանը։

Չէ որ, ըստ «զրոյից արտաքին քաղաքականություն կերտող» թավշյա դեմոկրատների` «թշնամանքը պետք է կառավարել», հետևաբար պետք է կառավարել նաև հայատյացությունը», այսինքն «կառավարել նաև ցեղասպանությունը»…

--00--ԱՀ