Արցախի Կաշենի հանքավայրը շահագործվում է եվրոպական չափանիշներով, ադրբեջանցիների բողոքներն անհիմն են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

գ

«Բեյզ մեթըլս» ընկերության կողմից Կաշենի հանքավայրի շահագործումը շարունակվելու է, որևէ խնդիր չկա։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի ղեկավարի տեղակալ Արթուր Գաբրիելյանը։

Դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Շուշի - Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար», - նշել էր ԱՏՇ-ն։ Մոտ 3 ժամ անց՝ նույնը օրը, ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարի միջնորդությամբ բանակցություններից հետո ճանապարհը բացվել էր։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արթուր Գաբրիելյանի խոսքերով, ընդերքի շահագործման մասով բոլոր թույլտվությունները, բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություններն առկա են։

«Ե՛վ պոչամբարի, և՛ ամեն ինչի գործունեությունները, շրջակա միջավայրին վնաս պատճառելը բնապահպանական տեսանկյունից հասցված է մինիմալի, հաշվարկներն արված են վնասները նվազագույնին հասցնելու համար։

Ադրբեջանցիների բողոքներն անհիմն են», - ասաց Գաբրիելյանը։ Արցախցի պաշտոնյան ընդգծեց, որ հանքի շահագործումը միշտ վերահսկողության դաշտում է։ «Շահագործումը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Առաջադեմ տեխնոլոգիաներով էլ առաջնորդվում են։ Հնարավոր չէ վնաս պատճառել շրջակա միջավայրին, կամ այդ վնասն առավել ևս հասնի Ադրբեջանի տարածքին», - եզրափակեց Արթուր Գաբրիելյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ