Դատարանը կալանավորել է Գավառում աղմկահարույց սպանության կատարողին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

e056dac98252c16324ba90e957d27136_M
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 22-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գավառ քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Խաչիկ Խ-ի նկատմամբ։

Դատավոր Վարդան Հարությունյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խոհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և Խաչիկ Խ-ն դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հիմնարկ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 18-ին սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժշկական կենտրոնի շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։
Ոստիկաններն ու քնիչները պարզել էին, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էդվարդ Հ․-ն էր։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա եղել էր դանակահարված՝ մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներով։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ մահացածին շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց էր տեղափոխել Գավառ քաղաքի Սայադյան փողոցի 15 հասցեից։ 

Տեղում պարզվել էր, որ նշված տունը պատկանում է Գավառի բնակիչ՝ 42-ամյա Սարգիս Մ․-ին։

Տունը, որը երկհարկանի է, 1-ին և 2-րդ հարկերի տարբեր սենյակներում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին բազմաթիվ արնանման հետքեր։

Տեղում աշխատել էին նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետները, փորձաքրեագետ Խաչատրյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Ա․ Բաղդասարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ սպանություն հատկանշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, և խմբի ղեկավար էր նշանակվել ավագ քննիչ Լևոն Նազարյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամերի ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դրա արդյունքում ստանալով օպերատիվ տեղեկություններ, պարզել էին, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում նշված հասցեում Գավառի բնակիչ՝ 48-ամյա տղամարդը (նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ չէինք հրապարակել) կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր Էդվարդ Հ․-ի հետ, որի ժամանակ էլ դանակով հարվածներ էր հասցրել վերջինիս, ինչի հետևանքով նա մահացել էր։

--00—ՅՄ