2022թ. ՀՀ կոռուպցիայի ընկալման ինդեքսը 46 միավոր է, նախորդ տարվա համեմատ նվազել է 3 միավորով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

f9a9dc15cfd32263a1e1LUYS_1.jpg
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադարձել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ինդեքս - 2022» զեկույցի՝ Հայաստանում կոռուպցիայի ընկալման շուրջ ձևավորված գնահատականներին։

2022թ. Հայաստանի Կոռուպցիայի ընկալման ինդեքսը 46 միավոր է և նախորդ տարվա համեմատ նվազել է 3 միավորով։ Հայաստանն ունի 46 միավոր, և դա այն դեպքում, երբ կոռուպցիայի ինդեքսի 50-ից ցածր լինելը սովորաբար վկայում է տվյալ պետության լուրջ խնդիրների (մասնավորապես՝ համակարգային կոռուպցիայի մասին)։ Ինչ վերաբերում է 3 միավորով նվազմանը, ապա այս նվազումն արտացոլում է զսպումների և հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների բարեվարքության, դատական համակարգի անկախության ապահովման և քաղաքացիական տարածքի պաշտպանության հարցերում առկա հետընթացը։ Կասկածելի պետական գնումները, վիճահարույց նշանակումները և այլ գործողությունները հանրության շրջանում թերահավատություն են առաջացնում, ինչը հանգեցնում է Կոռուպցիայի ընկալման ինդեքսի (ԿԸԻ-ի) նվազման։

ԿԸԻ-ի արժեքով Հայաստանի դիրքը 2022թ.՝ 180 երկիր ներառող վարկանիշային աղյուսակում վատթարացել է 5 հորիզոնականով, և ներկայումս մեր երկիրը զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը (2021-ի` 58-րդ հորիզոնականի փոխարեն): Թեև նախորդ 3 տարիներին, այդ թվում` 2022թ. Հայաստանի ԿԸԻ-ն ավելի բարձր է համաշխարհային միջին արժեքից (որը, ինչպես և անցյալ տարի, հավասար է 43-ի), սակայն միաժամանակ այն ցածր է ԿԸԻ-ի այն շեմային արժեքից (50), որից ցածր ԿԸԻ ունեցող երկրներում կոռուպցիան առավել հաճախ է հանդիսանում լուրջ հիմնահարց։

Հայաստանի ԿԸԻ-ն ձևավորող 6 ենթաինդեքսներից 2-ի մասով արձանագրվել է հետընթաց, իսկ 4-ը՝ չեն փոխվել։ Մտահոգիչ է Հայաստանի ԿԸԻ-ի ենթաինդեքսներից՝ WEF EOS-ի (Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցում) 13 միավորով նվազումը։ Այս ենթաինդեքսը, ի թիվս այլ խնդիրների, վերաբերում է տնտեսական ինստիտուտների, բիզնես միջավայրի, մակրոտնտեսական միջավայրի, տեխնոլոգիական առաջընթացի, ենթակառուցվածքների և նմանատիպ այլ համակարգերի վիճակին: Ըստ էության, ենթաինդեքսի 3 տարվա (2019-2021թթ.) աճը «չեզոքացվել» է մեկ տարում, և, այդ պատճառով, ենթաինդեքսի 2022թ. արժեքը կրկին գրեթե համադրելի է 2018-ի արժեքի հետ։ Լուրջ մտահոգության տեղիք է տալիս նաև այն, որ 2022-ին 2021-ի համեմատ 4 միավորով նվազել է ԿԸԻ-ի ենթաինդեքսներից VDEM-ը (Ժողովրդավարության բազմազանության ծրագիր), այն 2021-ին ևս նվազել էր 4 միավորով։ Հետընթացը հատկապես մտահոգիչ է, քանի որ այս ենթաինդեքսը վերաբերում է ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական հասարակության ակտիվության ասպարեզում երկրի առաջընթացին և արտացոլում է իշխանության տարբեր ճյուղերում (գործադիր, օրենսդիր և դատական) քաղաքական կոռուպցիայի առկայությունը:

Վերլուծությունն ամբողջությամբ՝ https://bit.ly/3YBOFrJ :
--00—ԶՀ