ՀՀ-ից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին ԵԽ կոչերն ավելի շատ քաղաքական, քան գործնական են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Ս

Հայաստանի տարածքից զորքերը դուրս բերելու՝ Ադրբեջանին ուղղված կոչերն էական նշանակություն չեն ունենա, որովհետև Եվրախորհրդարանի կոչերն ավելի շատ քաղաքական ֆոն ունեն, քան գործողություններ են։ Այս մասին 24news-ին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անրադառնալով Եվրոպական խորհրդարանի զեկույցին և հաշվի առնելով նախորդ նմանատիպ փորձերը։

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նոր զեկույցը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։ Զեկույցում նաև նշված է, որ խաղաղության յուրաքանչյուր պայմանագիր պետք է ներառի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը, փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձը իրենց տներ: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով, լավ է, որ նման կոչեր արվում են, բայց դա իրավիճակի վրա մեծ ազդեցություն չի ունենա։

Ինչ վերաբերում է ԼՂ-ի մասով զեկույցի հատվածին, ապա, ըստ Ստեփան Դանիելյանի՝ սա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարը Պրահայում ստորագրել է մի փաստաթուղթ, որտեղ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ «Եվ եթե Հայաստանը նման դիրքորոշում է ցուցաբերում, ապա «մյուս կողմերը» չեն կարողանում կարգավիճակի մասին խնդիրը բարձրացնել: Իրենք դրա իրավունքը չունեն, այդ խնդիրը պետք է բարձրացնեն Հայաստանի և Արցախի ղեկավարները։ Ընդամենը դա է նշանակում։ Եվ կարգավիճակի մասին խոսակցությունների փակումը Հայաստանի քաղաքականությունն է»։

«Եթե նայում ենք աշխարհաքաղաքական կոնտեքստով, շահագրգռված կողմերը, բնականաբար, բացի Հայաստանից և Ադրբեջանից, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, եվրոպական որոշ երկրներն են, որոնք այստեղ իրենց շահերն են հետապնդում։ Եվ շահերը երբեմն հակադիր են, նաև նախորդ թվարկված երկրների շահերն են հակադիր։ Եվ նաև Միացյալ Նահանգներինը, որն ամբողջ աշխարհում ունի իր շահերը»,- եզրափակեց քաղաքագետը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ