Ու՞ր է ձեր հավատը… Թշնամանքն ու ատելությունը բաժանել է մեզ. Վեհափառի քարոզը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առիթով:

«21-րդ դարը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, լուսավորյալ նոր դարաշրջան պիտի լիներ գիտական ձեռքբերումներով, տեխնոլոգիական մեծ նվաճումներով, մարդու կյանքի, մարդու իրավունքների ու արժանապատվության պաշտպանության միջազգային նորմերով ու օրենքներով։

Բայց որքան անմեղ մարդիկ, որքան ժողովուրդներ են պատերազմների գողգոթաներում նեղությունների ու վշտերի ենթարկվում, տառապանքների խաչին գամվում՝ անարդարության, գերիշխանության մոլուցքի, խտրականության պատճառով, պայքարում գոյաբանական սպառնալիքների դեմ։ Մենք ևս անցանք 44-օրյա պատերազմի, Հայաստանի սահմանների վրա հարձակումների աղետալի իրողությունների միջով։ Մեր հայրենիքը ներքին և արտաքին մտահոգիչ մարտահրավերների պայմաններում դիմակայում է անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների։

Հարազատ Արցախը տևական ժամանակ շրջափակված է և դիմագրավում է անասելի դժվարությունների ու զրկանքների։ Այս անհանգստացնող, վտանգալի երևույթների հանդիման, մեր սրտերում կրելով չամոքվող վիշտը մեր նահատակ, գերեվարված, անհայտ կորած ու վիրավոր զավակների, ականատես ենք նաև ցավալի այլ իրավիճակի, թե ինչպես են թշնամանքի, ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ դնում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում, խարխլում ազգային միաբանությունը։ Ականատես ենք, թե ինչպես են անտեսվում դարերով նվիրագործված ավանդույթները, մեր ինքնության հիմնասյունը հանդիսացող արժեհամակարգը, խաթարվում մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը, որը մեծապես կարևոր է մեր դեմ ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարման համար։»:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԱՊ