Հայաստանից արտահանումը խրախուսելու մեխանիզմներ են մշակվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

d9edd79c-6959-467e-b7bd-7ea25fe41469.jpg

Մեկնարկել է «Հայաստանի արտահանման ներուժի բացահայտման և արտահանմանն խթանող մեխանիզմների մշակման» ծրագիրը: Այն միտված է Հայաստանի արտահանման ներուժի բացահայտմանը և համապատասխան աջակցության մեխանիզմների մշակմանը, որոնք կխրախուսեն հայկական ապրանքների արտահանմանը և կնպաստեն երկրի տնտեսական աճին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի իրականացումը ներառում է մի քանի փուլ՝ ոլորտային ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն և համապատասխան պետական աջակցման մեխանիզմների մշակում։ Այն համատեղ համակարգում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Կարևորելով նման ծրագրերի իրականացումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդգծեց, որ այս ծրագրի մեկնարկով փորձելու են հասկանալ Հայաստանում արտահանման ներուժը, որ ուղղություններում և խթանման ու աջակցման ինչպիսի  միջոցառումներ կարող են իրականացնել:

«Այս աշխատանքը մենք սկսեցինք անցած տարի, հաշվի առնելով որոշակի փոփոխություններ, և շատ կարևոր ենք համարում, որ հավասարակշռված առևտրային և արտահանման քաղաքականություն կարողանանք վարել: Այս առումով սա կարծում եմ առաջին քայլը կլինի»,- նշեց նախարարի տեղակալը:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը նշեց, որ առևտուրը կարևոր շարժիչ ուժ է հանդիսանում ինչպես տնտեսական աճի, այնպես էլ կայուն հարաբերությունների համար: Այն պահանջում է արդյունավետ լոգիստիկ ուղիների առկայություն:

«Ուրախ եմ, որ «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով Միացյալ Թագավորությունն աջակցություն է տրամադրում Էկոնոմիկայի նախարարությանը՝ բացահայտելու Հայաստանի արտահանման ողջ ներուժը և լոգիստիկ կարողությունների սահմանափակումները։ Այս վերլուծության արդյունքները կնպաստեն արդյունավետ, տվյալահեն քաղաքականության մշակմանը՝ ուղղված լոգիստիկ ծախսերի նվազեցմանն ու մրցունակության բարձրացմանը և դռներ կբացեն միջազգային առևտրի խթանման համար: Սա առանցքային է Հայաստանի բարգավաճման և կայուն տնտեսական զարգացման համար»,- ասաց դեսպանը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երևանյան գրասենյակի ղեկավար Գիորգի Ախալկացին իր խոսքում նշեց, որ  Հայկական արտադրանքի արտահանման ներուժը հասկանալը կօգնի տեղական բիզնեսին մուտք գործել նոր շուկաներ և ունենալ նոր հաճախորդներ՝  ավելացնելով վաճառքը և եկամուտները:

«Արդյունավետ բեռնափոխադրումների երթուղիների քարտեզագրումն ու գնահատումը առանցքային է Հայաստանի տնտեսության համար, քանի որ դա ազդում է երկրի արտահանման ներուժի վրա: Հուսով եմ, որ այս ծրագիրը նաև հիմք կծառայի հետագա համագործակցության համար և կստեղծի սիներգիա բոլոր շահագրգիռ կողմերի միջև»,- ասաց Գիորգի Ախալկացին:

Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը կարևորեց այն փաստը, որ  ծրագրի հետազոտական փուլի առաջնային տվյալներից պարզ է դառնում, որ Հայաստանն ունի արտահանման հսկայական չբացահայտված և չօտգագործված ներուժ։

«Ներկայումս Վրաստանի Փոթի նավահանգստով տարեկան ներմուծվում է մոտ 30 հազար կոնտեյներ։ Սա այս նավահանգիստներում բեռնափոխադրվող բեռնարկղերի ընդհանուր թվի 8%-ից պակասն է (400-500 հազար)։ Օդային բեռների տեղաշարժը սահմանափակ է բարձր գնի և դեպի Հայաստան թռչող բեռնատար ինքնաթիռների սահմանափակ քանակի պատճառով։ Հիմնական մարտահրավերների  քարտեզագրումը կօգնի առավել թիրախային լուծումներ մշակել և առավելագույնս բացահայտել մեր երկրի արտահանման ներուժը»,-նշեց նա:

Քննարկման ընթացքում ծրագրի փորձագիտական թիմը ներկայացրեց Հայաստանի լոգիստիկ երթուղիների վերլուծություն։ Մասնավորապես՝ բոլոր հիմնական առկա և պոտենցիալ բեռների երթուղիների մանրամասն նկարագրությամբ, բեռների արտահանման (օդային, երկաթուղային, բեռնատար, ծովային) ծախսերի գնահատմամբ՝ ըստ նշված ապրանքների կատեգորիաների և ներմուծումների։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրի հետազոտական փուլի արդյունքները՝ Հայաստանում արտադրված և արտահանման մեծ պոտենցիալ ունեցող ապրանքների ցանկը, որոնց արտահանումը դեռևս լիովին իրացված չէ՝ նպատակային շուկաներ հասցնելու տրանսպորտային բարձր ծախսերի պատճառով: 

Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է համապատասխան պետական աջակցության մեխանիզմների մշակում այն տնտեսվարողներին համար, որոնք ներգրավված են արտահանման, փոխադրումներ իրականացնելու և լոգիստիկ ծառայություններ մատուցելու ոլորտում, ինչպես նաև այդ առաջարկվող մեխանիզմների տնտեսական մոդելների մշակում ու հնարավոր տնտեսական ազդեցության գնահատում։

Համաձայն Համաշխարհային բանկի կողմից 2018 թվականին հրապարակված լոգիստիկայի արդյունավետության ինդեքսի (LPI: Logistics Performance Index) գնահատված 160 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 92-րդ տեղը, ունենալով  2.61 ինդեքսը։  Սև ծովը Հայաստանի արտաքին աշխարհի հետ կապվելու գլխավոր ծովն է։ Սև ծովի նավահանգստային համակարգը եվրոպական նավահանգստային համակարգում ընդհանուր առմամբ համարվում է երկրորդային։ Հայաստանի համար ներկայումս գործում են մեկ տեսակի և մուլտիմոդալ լոգիստիկ երթուղիներ, օրինակ՝ բեռնատարով Վրաստան-Լարսով դեպի Ռուսաստանի Դաշնություն և ԵԱՏՄ երկրներ, կամ բեռնատարով Վրաստան-Փոթի/Բաթում և նավերով դեպի ԵՄ/Ռուսաստան/աշխարհ: Այնուամենայնիվ, այս երթուղիները ունեն որոշակի թերություններ, ինչպիսիք են օրինակ անկանխատեսելիությունը/անորոշությունը ձմռան եղանակային պայմանների, սեզոնային ծանրաբեռնվածության մակարդակը, անորոշությունը բարձր ծախսերի և մաքսային ընթացակարգերի պատճառով: Օդային բեռնափոխադրումների ճանապարը առավելագույնս անակախություն կարող է բերել արտահանողներին,  և բավական գրավիչ է տնտեսության զարգացման տեսանկյունից։

--00—ԶՀ