Քաղաքապետարանը կշարունակի աշխատել մինչև ավագանու ընտրությունը․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

ավինյան

Այս պահի դրությամբ քաղաքապետարանը բնականոն հունով կշարունակի աշխատել մինչև ավագանու հերթական ընտրությունները: Այդ մասին Հանրայինի Հարցազրույցում ասել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով քաղաքային հնարավոր ընտրություններին․

«Մենք ունենք քաղաքապետի առաջին տեղակալ, որը ժամանակավորապես իրականացնում է քաղաքապետի պարտականությունները։ ԸՕ-ում ունենք որոշակի բացեր»,- նշել է նա։

Ավինյանի խոսքով՝ քաղաքականապես տարբերություն չկա՝ ընտրությունները շուտ կլինեն, թե՝ ուշ, ընդամենը երկու-երեք ամսվա մասին է խոսքը։

Հարցին՝ ինչու քաղաքապետ չընտրվեց, Ավինյանը պատասխանել է․ «Մի քանի ամսվա համար անտրամաբանական է ընտրել քաղաքապետ, որևէ բան դրանից չի փոխվում: Իրավական խնդիր չկա»,-ընդգծել է նա։

Ավինյանի համար անհասկանալի է, թե ինչու է նրա ներկայությունը քաղաքապետարանի միջոցառումների ժամանակ քննարկման առարկա դառնում հանրության շրջանում․ «Ես փոխքաղաքապետ եմ, որն ունի իր պարտականությունները։ Անում եմ այն, ինչ պարտավոր եմ անել։ Համակարգում եմ այն ոլորտները, որոնք դրված են ինձ վրա ի պաշտոնե։ Անտրամաբանական կլիներ, եթե վարչական շրջանների հետ աշխատանքը համակարգող փոխքաղաքապետը չշրջեր վարչական շրջաններով և չհասկանար խնդիրները: Դրա համար ինձ քննադատելը անտրամաբանական է: Բոլոր փոխքաղաքապետները պետք է աշխատեն այսպես: Եթե ես լինեի ընդդիմությունը, կկենտրոնանայի իմ չարածների վրա»,- նշել է նա։

--00—ՍՊ