Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները ընտանիքի անդամներ էին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

պատահար

Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է ապրիլի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի վարորդի և վիրավորների ինքնությունը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Զորոյանն ու նրա ուղևորուհի, Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հասմիկ Զորոյանը՝ ով Ա. Զորոյանի դուստրն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորուհիներ՝ Հրազդան քաղաքի բնակիչներ 61-ամյա Դուխիկ Գասպարյանն ու 37-ամյա Գայանե Թամրազյանը տեղում մահացել են: Մահացածներից մեկի դին մեծ դժվարությամբ մոտ 350 մ խորությամբ ձորակից դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները:

Աղբյուրի տեղեկություններով մահացածներից մեկը Ա. Զորոյանի մայրն է, մյուսն էլ կինը: 

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ապրիլի 21-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 350 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, ում դին հայտնաբերվել էր ավտոմեքենայից դուրս՝ ձորում՝ մոտ 100 մ հեռավորության վրա։ Իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

--00—ՍՊ