Նոյեմբերի 9-ին ստորագրեցի փաստաթուղթ, որ առավոտյան տարբերակից վատն էր, բայց մյուսներից՝ լավը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

5b1d7fb1-d837-43ba-8eb6-3bc526fdca85.jpg

Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը։ Ուշադրություն դարձրեք` ոչ թե կեսգիշերին, այլ նոյեմբերի 8-ի լույս 9-ի առավոտյան ես եռակողմ հայտարարության տեքստ եմ ստորագրել։ Այս մասին ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պարզվեց՝ Ադրբեջանն այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ։

Փաշինյանն ընդգծեց, որ գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր ավելացումներ է անում։ Իսկ, ըստ Փաշինյանի, նշանակում էր, որ առավոտյան իր ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ։

«Պուտինն ինձ ասաց, որ Ալիևն առաջարկում է տեքստի մեջ ավելացնել կետ, որ Տավուշի մարզի անկլավները պետք է վերադարձվեն։ Ես ասացի, որ նման բան չի կարող լինել և այդպիսի փաստուղթ չեմ ստորագրել։ Պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ստացվել` այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։ Ի վերջո, բարդ, տևական քննակումներից հետո ստորագրեցի ձեզ հայտնի փաստաթուղթը»,- մանրամասնեց նա։

Նա նաև նշեց, որ քննարկումների արդյունքում հասել են մի կետի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին։

«Շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում Աղդամը Հադրութի դիմաց բանաձևը և, ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարեցման մասին, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու մասին, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին»,-հավելեց վարչապետը։

Փաշինյանը քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ Նոյեմբերի 9-ին ստորագրեց այն փաստաթուղթը, որն ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ։

--00--ԶՀ