ՌԴ-ում զինված խռովության փաստով քրեական գործը կարճվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 27, 24News

9568aeeb-ae11-40d2-a813-74946e0d6095.jpg

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված խռովության գործով հետաքննությունը, որը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) կողմից հարուցվել էր հունիսի 23-ին, հունիսի 27-ին կարճվել է հանցավոր գործողությունների դադարեցման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հաղորդել են ՌԴ ԱԴԾ-ի հանրային կապերի կենտրոնից:

«Հունիսի 23-ին ՌԴ ԱԴԾ-ի քննչական վարչությունում զինված խռովության փաստի առթիվ ՌԴ ՔՕ 279-րդ հոդվածով հարուցված քրեական գործի հետաքննության ընթացքում պարզվել է, որ դրա մասնակիցները հունիսի 24-ին դադարեցրել են գործողությունները, որոնք անմիջականորեն ուղղված էին հանցագործության կատարմանը: Հաշվի առնելով այս և հետաքննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ՝ հունիսի 27-ին քննչական մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործը կարճելու վերաբերյալ», - նշված է հաղորդագրությունում:

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրել էր ռուս զինվորականներին «Վագներ»-ի դիրքերը գնդակոծելու մեջ և «արդարության երթ» հայտարարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության դեմ՝ մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվելով դեպի Մոսկվա։ Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ Պրիգոժինը դադարեցրել էր առաջխաղացումը և զորքերը վերադարձրել տեղակայման վայրեր։ Պրիգոժինի գտնվելու վայրն այժմ հայտնի չէ:

--00—ԶՀ