Ռուսաստանի մարզերը գիշերը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

մոս

Ռուսաստանի տարբեր մարզերից, այդ թվում՝ Պսկովից, Բրյանսկից, Օրյոլից, Կալուգայից, Ռյազանից, Մոսկվայից գիշերվա ընթացքում հաղորդումներ են ստացվել անօդաչու թռչող սարքերի հարձակման վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ռուսական տարբեր լրատվամիջոցներից և տեղական իշխանությունների Telegram ալիքներից, գիշերը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00։30-ի սահմաններում, Պսկովում հետ է մղվել օդանավակայանի վրա տեղի ունեցած հարձակումը։ Ըստ Պսկովի նահանգապետի՝ տուժածներ չկան։ Տեղեկություններ են հաղորդվում չորս Իլ-76 ինքնաթիռի այրման մասին։ Օդանավակայանում չվերթերը դադարեցվել են։

Այնուհետև ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բրյանսկի մարզում ոչնչացրել է ուկրաինական 3 ԱԹՍ, իսկ Օրյոլի մարզում՝ 1։ Ըստ Բրյանսկի և Օրյոլի նահանգապետների՝ տուժածներ չկան։ Տարբեր հրապարակումների համաձայն՝ Բրյանսկի մարզում խոցված ԱԹՍ-ներից մեկն ընկել է գործարանի տարածքում՝ հրդեհ առաջացնելով։

Ավելի ուշ կատարված հրապարակման մեջ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է,  որ Մոսկվայի ժամանակով ժամը 02։00-ի սահմաններում Կալուգայի մարզում ՀՕՊ համակարգերի միջոցով ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել։

Գերատեսչությունն այնուհետև հայտնել է ժամը 02։30-ի սահմաններում Ռյազանի մարզի տարածքում ուկրաինական 1 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հաղորդեց, որ ժամը 04։00-ի սահմաններում ՀՕՊ համակարգերի կողմից Ռյազանի մարզում ևս մեկ անօդաչու է ոչնչացվել։

Իսկ ժամը 03։30-ի սահմաններում, ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության, 1 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Մոսկվայի մարզի Ռուզայի շրջանում։ Մոսկվայի «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։ Ըստ ТАСС-ի՝ նաև հետաձգվել է դեպի Երևան 2 ինքնաթիռների չվերթը։

Իր հերթին Բրյանսկի նահանգապետը հայտնել է, որ 2 ԱԹՍ-ներ փորձել են հարվածել Բրյանսկի հեռուստաաշտարակին, տուժածներ և ավերածություններ չկան։

Տեղեկություններ են հաղորդվել նաև Սևաստոպոլի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակման փորձը խափանելու մասին։ Ըստ Սևաստոպոլի նահանգապետի՝ հետ է մղվել ծովից եկող անօդաչուների հարձակումը։

--00--ԼՀ