Ադրբեջանը մեծաքանակ ուժեր է կուտակում․ գործելու համար ընդամենը մի քանի շաբաթ ժամանակ կա․ Մենենդես

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

dd

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Արցախի ճգնաժամի գնահատման վերաբերյալ լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, 1lurer.am-ի փոխանցմամբ, մանրամասն ներկայացրել է հումանիտար իրավիճակը պաշարված Արցախում։ 

«Ամիսներ շարունակ Ադրբեջանն արգելափակում է Հայաստանի համար Լաչինի միջանցքի հասանելիությունը՝ թույլ չտալով մարդասիրական աջակցության մուտքը հայկական այս համայնքին, որը սովի է մատնված»,- նշել է սենատորը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ Աղդամի ճանապարհով ռուսական մեկ բեռնատարով հասցված մարդասիրական օգնությանը՝ Մենենդեսը հիշեցրել է, որ նախկինում օրական 120 բեռնատար է մուտք գործել ԼՂ: Նա Ադրբեջանի գործողությունները որակել է «էթնիկ զտում», նշել՝ Ալիևի նպատակը ղարաբաղցիների հնազանդեցումն է կամ նրանց սովամահ անելը: Սենատի հանձնաժողովի նախագահը մեջբերել է ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի այն միտքը, որ սովի մատնումը ցեղասպանության անտեսանելի զենքն է:

Մենենդեսը զգուշացրել է նաև, որ Ադրբեջանը սահմանին մեծաքանակ ուժեր է կուտակում: Նրա խոսքով՝ ժամանակը սուղ է. գործելու համար ընդամենը մի քանի շաբաթ ժամանակ կա:

«Բարձր մակարդակով մեր ուղերձը պետք է միանշանակ լինի. այն է՝ դադարեցնել շրջափակումը, դադարեցնել սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, դադարեցնել սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, անմիջապես բացել Լաչինի միջանցքը, պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները»,- ասել է սենատորը:

Նա տվյալ իրավիճակում Ռուսաստանին անվանել է «անհուսալի և անկարող գործընկեր, խաղաղության և անվտանգության համար խոչընդոտ»:

Մենենդեսը հավաստիացրել է, որ իր բոլոր լծակներով ջանքեր կգործադրի՝ ստիպելու ԱՄՆ պետքարտուղարությանը գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի հաղթահարման համար:

--00—ՍՊ