Ակցիաների ժամանակ սառը զենք կրող քաղաքացու գործի նախաքննությունն ավարտվել է․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

քկ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱԿՑԻԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 27-ԱՄՅԱ ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ՍԱՌԸ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԴԵՊՔԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային հավաքի ընթացքում ապօրինի կերպով սառը զենք կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:10-ին, Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային ակցիայի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Երևան քաղաքի Տիգրան Մեծ-Մելիք Ադամյան փողոցների խաչմերուկից, սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են տեղափոխել Երևան քաղաքի 27-ամյա բնակչի, ում խուզարկությամբ հայտնաբերվել է 12.5 սմ շեղբի երկարությամբ դանակ:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակված դատաքրեագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նշված դանակը գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակ է և հանդիսանում է քաղաքացիական շեղբավոր սառը զենք:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

--00—ԱՊ