ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Իսրայելին աջակցող բոլոր երկրներին անվանել է պաղեստինցիների դեմ կատարվող հանցագործությունների մեղսակից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Թեհրանում Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա աս Սուդանիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Բոլորն, ովքեր աջակցում են Իսրայելին, (խմբ․՝ պաղեստինցիների դեմ) հանցագործությունների մեղսակից են», - Ռայիսիի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ի օգնությունը, այդ թվում՝ զենքի մատակարարումների տեսքով, Իսրայելին թույլ է տալիս ավելի համարձակ գործել:
Tasnim-ը նաև հաղորդում է, որ Իրաքի վարչապետը նոյեմբերի 6-ին Իրան է ժամանել պաշտոնական այցով՝ քննարկելու երկու երկրների հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները։
Հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով ավելի քան 1400 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Վերջին օրերին Գազայում ցամաքային գործողության մեկնարկից հետո իսրայելցի զինվորների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի։
Իսկ Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 9770-ի։ Նրանց թվում կա 4000-ից ավելի երեխա։
--00—ԼՀ