ԱՄՆ-ը կիլոմետրերով հեռու է, Իրանի հետ կողք կողքի ենք, առճակատումը Թեհրանի հետ մեր շահերին դեմ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

ԱՄՆ-ի կողմից Բաքվին ռազմական օգնությունից զրկելը ականազերծման հետ կապված է, դա ամեն տարի տրվող օգնություն է, մեծ գումարի մասին չէ խոսքը, բայց կարևոր է, որ նման քայլ է իրականացվում։ ԱՄՆ-ն ժամանակին բարձր մակարդակով հայտարարում էր, որ թույլ չի տա ԼՂ-ում էթնիկ զտում, բայց փաստացի Ադրբեջանը մարսեց այն, ինչ տեղի ունեցավ, ոչ մի քայլ չիրականացվեց։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ը դադարեցրել է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելը և չեղարկել է բարձր մակարդակի որոշ այցեր, մինչև որ ՀՀ-ի հետ հարաբերություններում դրական շարժ չլինի:

«Բաքվի դեմ սանկցիաները լուրջ ճնշման գործիք են, բայց փոքր թվի մասին է խոսվում, Բաքվի համար այն ֆինանսական խնդիր չի առաջացնում, ավելի շատ քաղաքական է։ Հույս ունենանք, որ սանկցիաները կշարունակվեն, քանի որ Ադրբեջանը շարունակելու է իր գործողությունները, չի վախենա մի քանի տասնյակ միլիոնից զրկվելուց»,- ավելացրեց նա։

Մանգասարյանի խոսքով, ԱՄՆ-ն մեկ կրակոցով երկու խնդիր է լուծում՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հայտարարությունը չեղարկել և Իրանին հանել խաղից՝ չեղարկելով նաև «3+3 ֆորմատում»  քննարկումները։ «ԱՄՆ-ը կիլոմետրերով հեռու է, իսկ մենք Իրանի հետ կողք-կողքի ենք, հարաբերությունները լարելը չի բխում մեր շահերից, ռազմական տեսակետից էլ ակնկալիքներ կարող ենք ունենալ, վտանգավոր է Իրանի հետ գնալ առճակատման։ ԱՄՆ-ն ուզում է Իրանին խաղից հանել, Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ճանապարհը օգտագործել»,-ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ