Ավագ Շաբաթը մեկնարկեց․ կիրակի Սուրբ Զատիկն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ավագ

Ապրիլի 15-ին մեկնարկում է Մեծ կամ Ավագ Շաբաթը։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթ «Ավագ» կամ «Մեծ» է կոչվում, քանի որ մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է «ավագ» անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի:

Ավագ շաբաթն սկսվում է ծաղկազարդի կիրակիով` Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքով, որի մասին պատմում են չորս Ավետարանները։ 

ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ՕՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ավագ երկուշաբթի-Անպտուղ թզենու չորացում

Նվիրված է աշխարհի` երկնքի ու երկրի արարչագործությանը: Այս օրը մտաբերում ենք այն դեպքը, երբ Հիսուսի անեծքով չորացավ անպտուղ թզենին և Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը: Բեթանիայից Երուսաղեմ վերադառնալիս Հիսուս քաղց է զգում: Եվ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով` մոտենում է նրան և նրա վրա տերևից բացի ոչինչ չգտնելով` թզենուն ասում է. «Այսուհետև քեզնից հավիտյան պտուղ թող չլինի»: Նույն պահին թզենին չորանում է: Հիսուս անիծելով տերևներով զարդարված, բայց անպտուղ թզենուն` փարիսեցիներին էր ակնարկում, ովքեր արտաքին բարեպաշտությամբ էին զարդարված, սակայն չունեին այդ բարեպաշտության հոգևոր պտուղը` բարի գործերը և ողորմածությունը:

Պտուղն այլաբանորեն խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու  առաքինությունները, որոնցից զուրկ մարդը կպատժվի այս թզենու օրինակով: Ինչպես ասում է ս. Հակոբոս առաքյալը` «Հավատքն առանց գործերի մեռած է»:

Ավագ երեքշաբթի — Տասը կույսերի առակը

Ավագ երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես և երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման

Օրվա ավետարանական պատգամն է. «Արթո՜ւն կացեք, որովհետև չգիտեք Տիրոջ գալստյան և ձեր բարի կամ չար գործերի քննության ո՜չ օրը և ո՜չ էլ ժամը»:

Ավագ չորեքշաբթի — Օծում և մատնություն:

Այսօր հիշատակում ենք այն մեղավոր կնոջը, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, որ խորհրդանշում էր Նրա մոտալուտ մահը: Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը` յուղը վատնելու համար. «Կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»: Հիսուս նրանց ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով` նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց»: Օծման այդ դեպքին հաջորդեց Հուդայի` Հիսուսին մատնելու վճիռը. «Այն ժամանակ Տասներկուսից մէկը` Յուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենայիք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան»:

Ավագ հինգշաբթի-Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա:

Առտվոտյան մատուցվում է Ս․ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման, երբ Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը. օրհնեց, կտրեց և տվեց տասներոկւ աշակերտներին ու ասաց. «Առե՜ք, կերե՜ք, այս է Իմ մարմինը»: Ապա բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՜ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար»։ 

Ոտնլվա

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողությունը: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով` հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով: «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք»:

Արարողությունից հետո հավատացյալներին բաժանվում է օրհնված յուղ, որը հավատացյալները գործածում են հիմնականում հիվանդությունների դեպքում կամ խառնում տանն ունեցած յուղին:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է մի արարողություն, որը «Խավարում» է կոչվում: Սա արդեն վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, սակայն Ավագ հինգշաբթի երեկոյան մութն ընկնելուց հետո է կատարվում:

Ավագ Ուրբաթ — Տիրոջ խաչելությունը և թաղումը:

Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է  խաչելության պատմության վրա: Ինչպես արդեն ասվել է, Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է «Խավարման» արարողությունը:

Խավարում

Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին և մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ և խաչափայտի վրա հոգին ավանդեց` մարդյության փրկության և մեղքերի քավության համար:

Արարողությունն սկսվում է այսպես. խորանի վրա վառվում են տասներկու հավասարաչափ մոմեր և մեկ հատ մեծ` նրանց միջև: «Խավարման» ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի` Գեթսեմանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի` ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի և Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը և Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավետարանական ընթերցումներն ընդմիջվում են սաղմոսների ընթերցանությամբ և սուրբ Ներսես Շնորհալու հեղինակած շարականներով: Ամեն ավետարանական ընթերցումից հետո հանգցնում են տասներկու մոմերից երկուսը` յուրաքանչյուր կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղի մեծ մոմը: Եվս մի շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը, և երգվում է «Փառք ի բարձունս»-ը, որն առաջին անգամ ասել են հովիվները. «Փա՛ռք Աստծուն` բարձունքներում, երկրի վրա` խաղաղությո՛ւն, և հաճությո՛ւն` մարդկանց մեջ»: Այս երգի վերջին խոսքերից «Ծագեա»-ի ժամանակ դարձյալ վառում են լույսերը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը և փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր միայնակ:

Ավագ Շաբաթ — Դժոխքի ավերում, Ճրագալույցի պատարագ:

Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսոսի թաղմանը  և գերեզմանի կնքմանը: Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով ու դրվում վիմափոր գերեզմանի մեջ: Վերջինիս մուտքը փակում են մի մեծ քարով: Եվ քանի որ ըստ հրեական օրենքի հանգստի ժամանակ էր, աշակերտները հեռանում են գերեզմանից այն հույսով, որ հաջորդ օրը կվերադառնան, կխնկարկեն և կօծեն Հիսուսի մարմինը. «Եվ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը»: Հիսուս երրորդ օրը հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր մարգարեացել իր մասին): Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք և ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին, ինչպես ուսուցանում է մեզ Եկեղեցու վարդապետությունը, այսինքն` ուսմունքը:
Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրահալույցի պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ և վառում: Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը, որը մեր եկեղեցում կատարվում է բացառապես Ծննդյան և Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Զատիկի Ս․ Հարության տոնի ճրագալույցի պատարագի ժամանակ, երբ տրվում է Քրիստոսի հարության ավետիսը, այս ավետիսով ավարտվում է Մեծ պահքը:

Զատիկ — Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը:

Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը Զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության: Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը մեզ` մարդ արարածներիս փրկության համար: Երբ Զատկական պատարագին լսում ենք «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսը, մենք էլ մեր ձայնը բարձրացնենք, ականատեսները լինենք Քրիստոսի հարության` պատասխանելով.
«Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս