Ռուսաստանը հրաժարվել է արտահանձնել Բորիս Ավագյանին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

բո

Բորիս Ավագյանը, ով տարիներ առաջ զբաղեցնում էր Արթիկի փոխքաղաքապետի, ապա Արցախի ԱԻՆ-ի տնօրենի տեղակալի պաշտոնները եւ ժամանակին ակտիվորեն զբաղվում էր գերիներին Ադրբեջանից վերադարձնելու գործով, դեռեւս գտնվում է մոսկովյան բանտերից մեկում։ Այս մասին գորում է «Հրապարակը»։

Ավագյանը լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր հետեւյալը. «Քրեական գործը, որով ինձ մեղադրանք է առաջադրվել, առնչվում է Հայաստանին, ինձ մեղսագրված արարքները կատարվել են Հայաստանում, սակայն, քննության տվյալներով, արարքները կատարվել են խմբում եղած ՌԴ 24 քաղաքացիների հետ, ինչի կապակցությամբ Ռուսաստանում հետաքննությունը շարունակվում է, եւ դատավարությունը պետք է տեղի ունենա Ռուսաստանում։ Ինչպես արդեն ձեզ տեղեկացրել եմ, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանին ուղղված իմ գրավոր դիմումի պատասխանը երեք ամիս է՝ չեմ ստացել։ Ինձ փնտրում է Թուրքիայի քաղաքացի, Թուրքիայի արտաքին հետախուզության ղեկավարի օգնական Ջաբրայիլ Կարլասանը, ով վերահսկում է անօրինական ներգաղթյալների օջախները Եվրամիությունում եւ ԱՊՀ-ում։ Նրա եւ նրա գործունեության մասին առավել մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել www.pasmi.ru կայքում։ Երեք հրապարակումներ կարելի է գտնել՝ որոնման վանդակում մուտքագրելով Բորիս Ավագյան անունը։ Կազմակերպված հանցավոր համայնքներից մեկը, որը ստեղծվել է Ջաբրայիլ Կարլասանի կողմից, դատապարտվել է Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով՝ իմ շնորհիվ: Ինչ վերաբերում է իմ քրեական գործի ապացույցներին, ապա առայժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Տարատեսակ ընթացակարգային մանիպուլյացիաների միջոցով ինձ թույլ չեն տալիս ծանոթանալ գործի նյութերին։ Բացի այդ, խախտվում է ՌԴ Սահմանադրության 26-րդ հոդվածի երկրորդ մասը եւ ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը, որով երաշխավորված է մայրենի լեզուն օգտագործելու իմ իրավունքը, ինչպես նաեւ խախտվում են բոլոր պարտադիր ընթացակարգերը ստանալու իմ իրավունքը եւ ռուսերենից հայերեն անվճար թարգմանչի ծառայությունից օգտվելու իմ իրավունքը։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի իմանալ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի կարծիքն այս ամենի մասին: Դեռեւս ողջ եմ»:

Նա մեզ հետ զրույցում էլ էր ասել, որ, գտնվելով Ռուսաստանի կալանավայրում, զրկված է տարրական պայմաններից, ինչը ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը պարտավոր է ապահովել. «Զրկված եմ թարգմանչի ծառայությունից: Երբ այլ երկրի քաղաքացին ՌԴ-ում կալանավորվում է, տվյալ երկրի դեսպանությունը պետք է որոշ հարցերում, այսպես ասած, աջակցի իր երկրի քաղաքացուն, սակայն ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը բավականին անտարբեր է, ի դեպ` խոսքը բոլոր հայերի մասին է, որոնք կալանավորված են Ռուսաստանում»:

Երեկ նա կրկին մեզ հետ կապ էր հաստատել եւ ասում էր, որ Ռուսաստանն իրեն հրաժարվում է արտահանձնել հայկական կողմին:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ հայտնել էին, որ արտահանձնման համար դիմել են ռուսական կողմին, սակայն արձագանք չկա: Երեկ Բորիս Ավագյանը հայտնեց, որ ռուսական կողմը կտրականապես մերժել է Հայաստանին` արտահանձնել Բորիս Ավագյանին: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ դաշնակից պետությունը հրաժարվում է Հայաստանին արտահանձնել իր քաղաքացիներին: Միհրան Պողոսյանին եւս ամիսներ առաջ մերժեցին արտահանձնել, Ռուբեն Հայրապետյանին` նույնպես: Բորիս Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ռուսական կողմը Հայաստանին պատասխանել է, թե իր երկրում կալանավորված անձին Հայաստանին արտահանձնել չի կարող:

--00—ԼՀ