Ազատելով Հայաստանի քաղաքացիներին ԱՄԷ մուտքի վիզայի պահանջից՝ խորացվում ենք հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

դե

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլան իր անկեղծ շնորհավորանքն է հղել բարեկամ հայ ժողովրդին՝ ս․թ․ փետրվարի 1-ից ԱՄԷ մեկնելիս նախապես մուտքի արտոնագիր ստանալու պահանջից  ազատվելու կապակցությամբ;

«Մեր հայ եղբայրներն ու քույրերը վաղվանից կկարողանան Արաբական Միացյալ Էմիրություններ մուտք գործել առանց մուտքի արտոնագրի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Դեսպանը նաև շեշտել է, որ մուտքի արտոնագրերը փոխադարձաբար վերացնելու որոշումն արտացոլում է երկու երկրների միջև փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների խորությունը և դրանք ի շահ երկու երկրների զարգացնելու համատեղ ցանկությունը՝ հավելելով, որ այն կնպաստի ոչ միայն երկու երկրների միջև զբոսաշրջության, առևտրի, տնտեսության և ներդրումների ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանը, այլ նաև կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային և քաղաքակրթական փոխգործակցության խորացմանը։

«ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրերի ազատականացումը մեր կառավարությունների կողմից ձեռնարկված համատեղ ջանքերի արդյունքն է, որն ուղղված է  բոլոր մակարդակներում երկկողմ բարեկամական հարաբերությունների համար ավելի լայն հորիզոններ բացելուն  և երկու երկրների շուկաներում գործարար համայնքների ու մասնավոր հատվածի համար նոր խոստումնալից հնարավորություններ ստեղծելուն։ Այսպիսով՝ հույս ունենք խթանել հայ գործարարների և ընկերությունների ներդրումներն ԱՄԷ-ում»,- ասել է Ալ-Մուլլան։

Համարելով  2023 թվականը հաջող տարի երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման տեսանկյունից՝ դեսպանը հիշեցրել է, որ ԱՄԷ-ն և ՀՀ-ն  նախորդ տարի նշել են դիվանագիտական ​​հարաբերությունների հիմնադրման 25-ամյակը: Նա ընդգծել է, որ 2023 թ․-ի  ընթացքում երկու երկրների միջև համագործակցությունը հանգեցրել է բազմաթիվ շոշափելի ձեռքբերումների, որոնք արտահայտվել են ոչ միայն առևտրաշրջանառության աճով, որը 2023 թ․-ի 11 ամիսների ընթացքում հասել է ավելի քան 1,9 միլիարդ դոլարի (ըստ արտահանող երկրի), այլ նաև բարձրաստիճան պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև փոխայցելությունների ակտիվացմամբ, ինչպես նաև՝ երկուստեք առաջնահերթ ոլորտներում փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ։

Այս համատեքստում՝ դեսպանը մասնավորապես բարձր է գնահատել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցն ԱՄԷ, ինչպես նաև ԱՄԷ պետնախարար Ահմադ Ալ-Սայեղի և վերջերս Ալի Ալ-Նուայմիի գլխավորած ԱՄԷ Դաշնային Ազգային խորհրդի պատվիրակության այցերը Հայաստան՝ կարևորելով նաև 2023թ․-ին Երևանում կայացած հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովը և ՀՀ մասնակցությունն ԱՄԷ-ում տեղի ունեցած COP28-ի համաժողովին, որն արժևորվել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ԱՄԷ կիբեռանվտանգության խորհրդի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ։

Ալ-Մուլլան գոհունակությամբ հայտնել է նաև էմիրաթական ավիաընկերությունների (Fly Dubai, Air Arabia և Wizz Air) կողմից երկու երկրների միջև շաբաթական մոտ 30 ուղիղ չվերթների իրականացումը՝ այն կարևոր գործոն համարելով զբոսաշրջության և բիզնեսի ոլորտներում համագործակցության զարգացման շարունակական դինամիկայի պահպանման տեսանկյունից։

Դեսպանը եզրափակել է խոսքն՝ ասելով․

«Վիզային ռեժիմի չեղարկման արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ակնկալում ենք երկու երկրների միջև ուղիղ չվերթների թվի և զբոսաշրջային հոսքերի քանակի ավելացում, ինչպես նաև երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային երկխոսության ամրապնդում։ Մենք հաստատում ենք մեր նվիրվածությունը ՀՀ-ի հետ կամուրջներ կառուցելու և հեռանկարային  համագործակցություն զարգացնելու նկատմամբ, ինչն ամրապնդում է իմ համոզմունքը, որ մեր երկրների միջև համագործակցությունը սահմաններ չունի, և որ ԱՄԷ-ի և ՀՀ-ի միջև բարեկամությանն ու գործընկերային հարաբերություններին սպասվում է պայծառ ապագա»։

--00—ԼՀ