Շեյխ Մոհամմեդ բին Զայեդը հաստատել է ԱՄԷ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին. WAM

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News    

նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքեր գործադրելու հնարավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է Արաբական Միացյալ Էմիրությունների պետական գործակալություն WAM-ը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի և շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցին։ 

Հրապարակման մեջ նշվում է, որ կողմերը տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային և համաշխարհային վերջին զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների ձեռնարկած քայլերին՝ ուղղված COVID-19-ի դեմ պայքարին և աշխարհի մյուս երկրների վրա վիրուսի ազդեցության թուլացմանը։ 

«Հեռախոսազրույցի ընթացքում Նորին Մեծություն շեյխ Մոհամմեդ բին Զայեդը և նախագահ Սարգսյանը քննարկել են COVID-19-ին դիմակայելուն ուղղված համատեղ համագործակցության հնարավորությունը։ 

Նրանք քննարկել են նաև երկու երկրների միջև տնտեսության ու ներդրումային ոլորտներում համագործակցության հեռանկարը, որը կծառայի երկկողմ հետաքրքրություններին ու առաջընթացին։ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդը հաստատել է ԱՄԷ պատրաստակամությունը՝ Հայաստանին ու բարեկամ ժողովրդին ցուցաբերելու ամեն տեսակ աջակցություն վիրուսի զսպման և դրա հետևանքների սահմանափակման գործում։ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդին երկկողմ աճող հարաբերություններին իր մշտական աջակցության համար»,- ասվում է ԱՄԷ պետական գործակալության հրապարակման մեջ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

Տեսանյութեր

Live

Լրահոս