Մինասյանը ու Լատվիայի դեսպանը քննարկել են ոլորտում գործակցությունը խորացնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

ան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Էդիտե Մեդնեի հետ հանդիպմանը կարևորել է արդարադատության ոլորտում երկու երկրների համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել այն խորացնելու ուղղությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի իրականացման գործում Լատվիայի Հանրապետության արդարադատության նախարարության և Լատվիայի կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի բյուրոյի աջակցության համար, ինչպես նաև ընդգծել է ծրագրի շարունակականության կամ այս ոլորտում նոր ծրագրերի նախաձեռնման կարևորությունը։

Դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառմամբ և Արդարադատության նախարարության կողմից ԵՄ իրավահամակարգին ներպետական օրենսդրության մոտարկման գործառույթների իրականացմամբ։ Այս ենթատեքստում դեսպանը ներկայացրել է նաև Ռիգայի իրավունքի բարձրագույն դպրոցի կողմից իրականացվող մագիստրոսական ծրագրերի շրջանակը՝ ընդգծելով Արդարադատության նախարարության ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածության հարցում լատվիական կողմի հետաքրքրվածությունը։

Նախարարը կարևորել է Լատվիայի Հանրապետության արդարադատության նախարարության հետ բարձրաստիճան փոխայցերի կազմակերպումը, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման և խորացման համար։ Այս համատեքստում նախարարը նշել է լատվիական կողմի դրական փորձն ու առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարի, թվայնացման և քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտներում։

Կողմերը քննարկել են նաև Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության ու Արդարադատության նախարարության հետ համատեղ միջազգային բնույթի միջոցառումների՝ Հայաստանում կազմակերպման հնարավորությունը։ Իր խոսքում Գրիգոր Մինասյանը խոսել է նաև առաջիկայում հայ-վրացական իրավական ֆորումի կազմակերպման մասին և հրավիրել լատվիական կողմին մասնակցելու տարածաշրջանային ֆորումին։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են սերտացնել հարաբերությունները և նախանշել հետագա համագործակցության հնարավորությունները։

--00—ԼՀ