Ալիևը հաստատել է Ադրբեջանի նոր կառավարության կազմը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

ալ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը։ Համապատասխան հրամանը տեղադրված է պետության ղեկավարի կայքում։

Ինչպես երևում է փաստաթղթից, նախկին կառավարության բոլոր անդամները, բացառությամբ արդարադատության նախարարի, պահպանել են իրենց պորտֆելները։ Մասնավորապես, ՆԳ նախարարի պաշտոնում վերանշանակվել է Վիլայաթ Էյվազովը, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, պաշտպանության Զաքիր Հասանովը։

Հրամանի համաձայն՝ Յաղուբ Էյուբովը կրկին դարձել է առաջին փոխվարչապետ, Ալի Ահմեդովն ու Շահին Մուստաֆաևը՝ փոխվարչապետեր։

Պետական անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում վերանշանակվել է Ալի Նագիևը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար՝ Օրխան Սուլթանովը, պետական սահմանային ծառայության ղեկավար՝ Էլչին Գուլիևը։ Ալիևի մեկ այլ հրամանի համաձայն՝ արդարադատության նախարարի պարտականությունները մինչև նախարարի նշանակումը կկատարի փոխնախարար Ազեր Ջաֆարովը։

Ավելի վաղ Ալի Ասադովը վերանշանակվել էր երկրի վարչապետ։

--00—ԼՀ