Ի վերջո, հայկական կողմը իր կողմից հետախուզվող ադրբեջանցուն արտահանձնելու պահանջ ներկայացրե՞լ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

դ

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալլին, որը հետախուզվում էր 44-օրյա պատերազմի ընթացքում արցախցի ծերունուն գլխատելու և մի շարք այլ ռազմական հանցագործություններ կատարելու համար, ազատ է արձակվել։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունների ջանքերով նա ազատ է արձակվել և կմեկնի Բաքու»։

Մինչդեռ ՀՀ իշխանությունները, ինչպես պարզվեց, ջանքեր չեն էլ գործադրել հենց ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցուն Հայաստան արտահանձնելու, Հայաստանում արդարադատություն իրականացնելու համար։

ՀՀ գլխավոր դատախազությունից, անդրադառնալով հետախուզման և ձերբակալման մասին լուրերին, նշել էին, թե «Դատախազությունը պաշտոնական տեղեկության չի տիրապետում»։ ՔԿ-ն որևէ կերպ չարձագանքեց տեղեկությանը և միայն ՀՀ ՆԳՆ-ն ավելի ուշ պաշտոնապես հաստատեց ՀՀ-ի կողմից Զեյնալլիի նկատմամբ սպանության համար միջպետական հետախուզման փաստը։

Թե ինչ հոդվածներով է հետախուզվում հանցագործը՝ հայտնում են ոչ թե ՀՀ պատկան մարմինները, այլ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները, ըստ որի՝ ադրբեջանցին մեղադրվում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, հովանավորվող անձի դեմ ուղղված պատերազմական հանցագործությունների, պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունների և վարձկանության մեջ։

Իսկ թե արդյոք ՀՀ-ն միջնորդագրով դիմե՞լ է ՌԴ իրավապահ մարմիններին՝ պահանջելով ադրբեջանցի ռազմական հանցագործին Հայաստանին փոխանցել, թե ոչ՝ այդպես էլ պարզ չդարձավ։

ՀՀ Գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցապնդումներին, թե իրենք դիմե՞լ են ՌԴ-ին՝ պահանջելով արտահանձնել ադրբեջանցուն՝ պատշաճ որևէ պատասխան ստանալ այդպես էլ չի հաջողվել։ Գլխավոր դատախազությունից միայն նշել են՝  ադրբեջանցու հետախուզման և ձերբակալման հարցերով  դիմել ՆԳՆ-ին։ Թեև օրենքի համաձայն՝ նման լիազորություն ունի Գլխավոր դատախազը, այդուհանդերձ, լրատվամիջոցը դիմել է  նաև ՆԳՆ-ին՝ պարզելու, թե ի վերջո միջնորդագիր ներկայացվե՞լ է, թե՞ ոչ, արդյոք գործընթաց  իրականացվո՞ւմ է։ ՆԳՆ-ից էլ նշել են՝ «այդ հարցով դիմեք դատախազություն»։

Փաստացի, ՀՀ իշխանությունները որևէ ջանք չեն գործադրել, անգամ՝ միջնորդագիր չեն ներկայացրել, արդյունքում՝ ռազմական հանցագործն ազատ է արձակվել։

 --00—ՍՊ