Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում Պատարագ է մատուցվել 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

d

 

Հռոմեական եկեղեցու օրացույցում ներառված` Տիեզերական եկեղեցու Վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվա առթիվ 2024 թվականի փետրվարի 27-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից ծաղկեպսակ է զետեղվել Վատիկանի այգիներում վեր խոյացած Նարեկացու արձանին: Հայտնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից։

Նույն օրը, Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ Պատարագ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի նախագահությամբ։ Պատարագին քարոզով հանդես է եկել Վատիկանի Արևելյան եկեղեցիների գերատեսչության պրեֆեկտ Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտին:

Քահանայապետական ​​Լևոնյան Հայ վարժարանի ռեկտոր Հայր Խաչիկ Ծ.Վ.Գույումջանի կողմից կազմակերպված պատարագին ներկա էին Սուրբ Աթոռում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, Տանն Կիլիկիո Հայոց Պատրիարքարանի Եպիսկոպոսների Սինոդի անդամները, Անարատ Հղության հայ քույրերը, Հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների կրոնավորներ, հայ համայնքի անդամներ, Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանությունների ներկայացուցիչները:

--00—ՍՊ