Հայաստանում հակառուսականության այս ալիքն ունենալու է հետևանք, որը կանխատեսել պարզապես հնարավոր չէ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

431222946_393513263320588_1357839755978199984_n

Հակառուսականության այս ալիքը Հայաստանում ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ: Մի բան ակնհայտ է՝ այն ունենալու է հետևանք, որն այսօր կանխատեսել պարզապես հնարավոր չէ: Կարևորը հայկական աշխարհի համար նպաստավոր ելք, ապագա ապահովվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը։

«Այս իրավիճակում կուզենամ խիստ կարևոր մեկ փաստ հիշեցնել, բարձրաձայնել՝ մոլորակի վրա չկա ուրիշ որևէ այլ երկիր, որը քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական իր հնարավորություններով Հայաստանի համար ավելին արած լինի, քան Ռուսաստանը: Սա փաստ է, որը չի կարող ժխտվել ինչպես գործող իշխանությունների, այնպես էլ ծայրահեղ հակառուս ուժերի կողմից:

Պատերազմի ընթացքում Սյունիքում ռուսական զորքերի տեղակայումը, ամեն մի նոր հենակետի հիմնումը, որտեղ ծածանվում էր ռուսական դրոշը, մենք ընդունում էինք խանդավառությամբ և զգացումով, որ հզոր դաշնակից ունենք մեր կողքին: Այն զսպող ուժ էր հակառակորդի համար:

Չի կարելի ապերախտ լինել: Առանձին դեպքերում դա նմանվում է դավաճանության:

Գուցե ավելին կարելի էր ակնկալել Ռուսաստանից: Որևէ մեկը չի կարող դա վիճարկել, սակայն փաստը մնում փաստ, որ Ռուսաստանը գտնվել է ռազմավարական դաշնակցի դիրքում և ի վերջո նրա ջանքերով է կանգնեցվել պատերազմը, ինչը ևս պարտադիր պետք է հիշել ու գնահատել ...

Այս գրառմամբ ես որևէ կերպ չեմ ուզում թերագնահատել մեր մյուս բարեկամ երկրներին, պարզապես ճշմարտությունը պետք է իմանալ և ներկայացնել հանրությանը»:

--00—ՅՄ