ԱԺ-ում տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել՝ ԵԽ պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

d

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 9-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրեն Միրոսլավ Պապային: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ 

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի գործիքակազմը կարեւոր է Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է փոխհամագործակցության հետեւողական զարգացումները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԵԽ քաղաքական եւ արտաքին հարաբերությունների տնօրենը նշել է, որ հայկական պատվիրակությունը բավականին ակտիվ եւ կառուցողական գործունեություն է ծավալում ԵԽԽՎ-ում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ գործընկերության, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու հարցերին:

--00—ՍՊ