ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

տտ

Ապրիլի 17-ին, ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների հանրապետական և դեմոկրատ շուրջ քսան օրենսդիրների մասնակցությամբ, Կոնգրեսում անցկացվել է ապրիլի 24-ին նախորդող Հայոց ցեղասպանությանը և Արցախին նվիրված ավանդական միջոցառում։ Այն կազմակերպվել էր Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցող կոնգրեսականների թվում էին սենատորներ Էդվարդ Մարքին, Ռոբերտ Մենենդեսը և Հարրի Փիթերսը, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գուս Բիլիրակիսը, և Ադամ Շիֆը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Գեյբ Ամոն, Սանֆորդ Բիշոպը, Ջամալ Բոումանը, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Աննա Էշուն, Թոմ ՄաքՔլինթոքը, Սեթ Մուլթոնը, Բրեդ Շերմանը, Քրիս Սմիթը, Դինա Տիտուսը, Յանգ Քիմը, Ջենիս Շակովսկին և Թոմ Սուոզին:

Միջոցառմանը հրավիրված էր Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Աստրիդ Փանոսյան-Բուվեն, ով հանդես եկավ որոշակի գործողություններ գործադրելու կոչով։ Խորհրդարանականը մասնավորապես նշել է․ «Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին»՝ ի դեմս շարունակվող ադրբեջանական ցեղասպանական ագրեսիայի։ Նա ընդգծել է իր երկրի աճող քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կապերը Հայաստանի հետ։ Այնուհետև, «մարտահրավեր նետելով» իր ամերիկացի գործընկերներին, Փանոսյան-Բուվեն ասել է. «Հարցադրումս Փարիզում բնակվող ամերիկացի դիվանագետներին և իմ գործընկեր ամերիկացի օրենսդիրներին այն է, թե ինչո՞ւ Ամերիկան չի կարող անել նույնը»:

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների ելույթների հիմնական թեմաների շեշտադրումներն էին ԱՄՆ-Հայաստան ռազմական կապերի հաստատումը, Արցախի ցեղասպանությունը վերապրածներին մարդասիրական օգնության անհրաժեշտությունը, Արցախի և Հայաստանի դեմ կատարած հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոնկրետ քայլերի գործադրումը։ Առանձնակի ուշադրության կենտրոնում միջազգային պաշտպանությամբ իրենց հայրենի տներ արժանապատիվ վերադաձի արցախահայության իրավունքի իրացման մեխանիզմների շուրջ քննարկումն էր:

Ամփոփիչ խոսքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը նկատել է․ «Այս երեկո Կոնգրեսի անդամների կողմից նախագահ Բայդենին հղված միասնական ուղերձը հստակ էր՝ դադարեցնել զինել Ադրբեջանին: Ենթարկել Ալիևին պատասխանատվության։ Սկսել հայերի Արցախ անվտանգ վերադարձը։  Շնորհակալություն բոլոր ելույթ ունեցողներից յուրաքանչյուրին, մասնավորապես՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան-Բուվեին»։

--00—ԼՀ