Պատժամիջոցներ կիրառեք ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ․ԱՄՆ հայ համայնքը պահանջ է ներկայացրել Բայդենին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

1109523

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Վաշինգտոնում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության տարելիցը և նախագահ Բայդենից պահանջելով քայլեր ձեռնարկել Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը դադարեցնելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, երթի մասնակիցներն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատան մոտ, իսկ երթն ավարտվել է Սպիտակ տան մոտ կայացած ակցիայով։

Ակցիայի մասնակիցները պահել են «Արցախն ուժեղ է», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «120 հազար խաղաղ բնակիչներ պատանդ են Ադրբեջանի ձեռքում», «Պատժամիջոցներ կիրառեք ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ», «Ալիևը մեղավոր է պատերազմական հանցագործությունների մեջ» և այլ գրություններով պաստառներ։

--00—ՅՄ