Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

«Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»,- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ վստահեցրել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը, որի ընթացքում հայկական կողմը տվել է իր համաձայնությունը՝ Տավուշից գյուղեր  հանձնելու վերաբերյալ։

«Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Տավուշի թեմի առաջնորդը դեռևս չէր հասցրել ամբողջությամբ ուսումնասիրել պաշտոնական տեղեկատվությունը, սակայն վստահեցրել է, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ անկախ պաշտոնական հայտարարություններից։

 

--00—ՍՊ