Չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Screenshot_1

Հայտարարություն թուրքական պետության կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ․

«Հայոց Ցեղասպանության նահատակների ոգեկոչումը, հատկապես այս տարի, առանձնահատուկ բովանդակություն եւ իմաստ ունի:

Հայ ժողովրդի նորագույն պատմությունը հերթական անգամ դաժանագույն կերպով ապացուցեց, որ պատմությունից դասեր չքաղողը դատապարտված է նրա դառնությունն ու արհավիրքը վերապրելու՝ բազմապատկված ծավալով:

Արցախին եւ Արցախի հայությանը պատուհասած դժնդակ զարգացումները՝ հայրենազրկումն ու բռնագաղթը եկան անվիճելիորեն փաստելու, որ ազգի գոյությանը եւ գոյատեւմանը սպառնացող մեր դարանակալ թշնամիների նպատակներն ու գործողությունները՝ ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը, որպես գերակա ու մնայուն քաղաքականություն՝ ոչ միայն շարունակվում է, այլեւ նոր թափ եւ հետեւողականություն է ստանում։

Զուգահեռաբար ու գրեթե համաժամանակյա մեր ժողովրդի մեջ գլուխ են բարձրացրել պետական - դիվանագիտական եւ քաղաքական - հասարակական գործընթացների վրա արմատապես ազդելու ու դրանք տնօրինելու հնարավորություն ստացած հայանուն այն տարրերը, որոնց համար Հայաստանն ու Հայ Ժողովուրդը, նրա հողը, պատմությունը, ինքնությունը եւ տեսլականը գրոշի արժեք իսկ չունեն:

Հայաստանի Հանրապետութեան ներկայիս գործող վարչախումբը, պայմանավորված՝ ե՛ւ իր ներքին համոզումներով, ե՛ւ թելադրված արտաքին ուժերի կողմից, մեր ազգային ինքնության աղավաղումը, պատմության, մշակույթի, գիտության ու կրթության եղծումը, ազգային բարոյականության այլասերումը եւ հոգեբանության աղճատումը, որդեգրել են որպես իրենց կործանարար գործունեության անշեղ ուղեգիծ, որը ազգային - պետական կենսագործունեության համարյա բոլոր ոլորտներում, ամենօրյա հերթականությամբ դրսեւորվվում է տեսանելի եւ շոշափելի ապացույցներով:

Բնականաբար, վերոնշեալ համոզումներով եւ նպատակներով առաջնորդվելով, նրանք ոչ միայն չեն կարող ըմբռնել եւ գնահատել հայրենիք հասկացության իմաստը, նրա հողի սրբությունն ու արժեքը, նրա պատմության անքակտելի շաղկապումը ներկայի եւ ապագայի հետ, այլեւ թեթեւ ձեռքով եւ առանց խղճի դույզն ինչ խայթի, առուծախի առարկա են դարձնում հայապատկան տարածքները:

Նրանք, այսքանով իսկ չբավարարվելով, իրենց լկտիությունը հանդգնում են հասցնել այն աստիճանի, որ հիմա էլ, այլեւայլ թվաբանական աճպարարություններ ու սադրիչ մտավարժանքներ հրապարակ նետելով, փորձում են ուրանալ եւ մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը, չեզոքացնել դրա միջազգային հնչեղությունը եւ կշիռը, վարկաբեկել ու բեկանել Հայ Ժողովրդի՝ հանուն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ հատուցման մղվող արդարացի պայքարը։

Թող իրենց ու իրենց բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝

ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԵԻ։

Որքան էլ այսօր, Հայությունը՝ Հայաստանում եւ  Սփյուռքում, բազմատեսակ եւ բազմաթիվ հանգամանքների եւ դժնդակ պայմանների բերումով ընկղմած լինի հուսահատության եւ ընկճվածության ալիքների մեջ՝ ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԻ:

Որքան էլ զանազան ու զարմանազան հնարքներով, մեքենայություններով եւ ձեռնածություններով, ժամանակավորպես մոլորեցնեք ու ապակողմնորոշեք Հայության զգալի զանգվածներին ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԻ:

ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԻ՝

Որովհետեւ, Հայ ժողովրդի ծոցից միշտ էլ պիտի դուրս ժայթքեն՝ Սողոմոն Թեհլիրյաններ եւ Գուրգեն Յանիկյաններ:

Որովհետեւ, Հայ Ժողովուրդը միշտ էլ պիտի ծնի՝ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի անձնազոհ դյուցազուններ:

Ուստի՝ ՉԵ՛Ք ՀԱՋՈՂԻ:

Եւ հիշե՛ք՝ ՈՉ ՈՔ ԵՒ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌՑՎՈՒՄ:

Հարգա՜նք եւ խոնարհում՝ Հայոց Ցեղասպանության սրբադասված մեկուկես միլիոն նահատակների հիշատակին: Հարգա՜նք եւ խոնարհում՝ Արցախյան Ազատամարտի, Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության, ինքնիշխանության եւ անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած ու զոհաբերած բոլոր հայորդիների անմոռաց հիշատակին:

Հարգա՜նք եւ խոնարհում՝ բռնագրավված Հայրենիքի ազատագրության պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների մշտափայլ հիշատակին: Պայքարը շարունակվում է։ Պայքարը պիտի՛ շարունակվի:

Հաղթանակը մե՛րն է:

24 Ապրիլ 2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ

ԲՈՎԱՆԴԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ»։

--00—ՅՄ