Էդմոն Մարուքյանի ստվերային կառավարությունը (մաս 2)

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

24News-ը Հայաստանի խոշոր կուսակցությունների ստվերային կաբինետների շարքի առաջին ռեպորտաժում արդեն անդրադարձել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու նշել, թե ովքեր կարող են դառնալ նախարարների կաբինետի անդամներ, եթե ստացվի այնպես, որ մի օր Գագիկ Ծառուկյանին հաջողվի դառնալ Հայաստանի վարչապետ։

Այժմ փորձենք վերլուծել, թե ինչպիսի կառավարություն է սպասվում մեր երկրին, եթե քաղաքացիների մեծամասնությունը ձայն տա ԱԺ մեծությամբ երրորդ խմբակցությանը՝ «Լուսավոր Հայաստանին»։

24News-ի վերլուծաբանների կարծիքով այս պարագայում Հայաստանի վարչապետի աթոռն անվերապահորեն կզբաղեցնի ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը, սակայն ինչ վերաբերվում է մնացյալ պաշտոններին, այս կուսակցության հանրային ճանաչում ունեցող կադրային բազան հնարավորություն չի տալիս ձևավորելու ողջ կազմը, եթե, իհարկե, վերջիններս Փաշինյանի նախարարների կաբինետի օրինակով չորդեգրեն հին կադրերին կամ չնշանակեն մինչ այդ փորձառություն ունեցող անձանց։

Այնուամենայնիվ, Մարուքյանի մոտ տնտեսությունից հասկացող ամենահայտնի կադրը սոցիալական ապահովության նախկին նախարար Մանե Թանդիլյանն է, ում, ամենայն հավանականությամբ, «Լուսավոր»-ում կտեսնեն փոխվարչապետի պաշտոնում։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնի ամենահավանական թեկնածուն գործող պատգամավոր, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն է։ Վերջինիս հետ, սակայն, այդ պաշտոնի համար կարող է մրցել անկուսակցական Արման Բաբաջանյանը, ով թե՛ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է, թե՛ իր ելույթների հիմնական մասը նվիրում է հենց արտաքին քաղաքական թեմաներին։

Քանի որ Մանե Թանդիլյանը փոխվարչապետ լինելու դեպքում այլևս չի կարող ստանձնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ապա դրան կհավակնի ԼՀԿ անդամ, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սրբուհի Գրիգորյանը։

Արդարադատության նախարարի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, բաժին կհասնի ԼՀԿ-ի պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանին, մանավանդ որ հանրային քաղաքական այլ մասնագետ ԼՀԿ-ում չկա։

Այսպես կոչված սուպեր՝ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի համար «Լուսավոր»-ն ունի ակնհայտ ֆավորիտ թեկնածու՝ խմբակցության ամենաակտիվ և երիտասարդն պատգամավորներից Անի Սամսոնյանը, որը քաղաքապետարանի ավագանում աշխատելու տարիներին հասցրել է աչքի ընկնել այս ոլորտի նկատմամբ ընդգծված հետաքրքրությամբ։

Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնի համար Մարուքյանի կաբինետը նույնպես մեծ այլընտրանք չունի․ հնարավոր թեկնածուն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ռուբիկ Ստեփանյանն է։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հնարավոր թեկնածու վարչապետ Էդմոն Մարուքյանի կառավարությունում  կարող է նշանակվել «Լուսավոր»-ի երիտասարդ, սակայն ամենաակտիվ կադրերից մեկը՝ Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում ԼՀԿ-ի ամենահավանական թեկնածուն տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանն է։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, ենթադրաբար, կգլխավորի օրենսդրի անդամ, նախկինում IT ոլորտում աշխատած Սարգիս Ալեքսանյանը։

Արտակարգ իրավիճակների նախարար, ամենայն հավանականությամբ, Մարուքյանը կնշանակի իր կուսակից ընկեր, պատգամավոր Կարեն Սիմոնյանին, իսկ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար կրկին օրենսդրի անդամ Աննա Կոստանյանին։

Ֆինանսների նախարարությունը լրացնելու համար ԼՀԿ-ում, ըստ ամենայնի, ստիպված կլինեն դիմել իրենց առաջնորդի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի օգնությանը։ Վերջինս Վանաձորում բավական երկար ժամանակ եղել է բանկի մասնաճյուղի կառավարիչ և թվերի աշխարհին ծանոթ է ներսից։

Էդմոն Մարուքյանի կուսակցության՝ կառավարություն կազմելու դեպքում անհայտ է մնում պաշտպանության նախարարի և ոստիկանապետի պաշտոնները, որոնք, ամենայն հավանականությամբ, կընտրվեն այդ համակարգերում առկա կադրային բազայից։

Հայաստանի ստվերային կառավարությունների երրորդ վերլուծության ժամանակ մենք կանդրադառնանք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությանը՝ ստվերային ՀԱԿ-ին։