«ԳՅՈՒՄՐԻ–20/25» հիմնադրամը 3 թանգարանային համալիր կհիմնի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

1

«ԳՅՈՒՄՐԻ–20/25» հիմնադրամը նպատակ ունի իրականացնել Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի տարածքում մշակութային, զբոսաշրջային ու գիտահետազոտական-հավաքչական ծրագրեր ու աշխատանքներ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «ԳՅՈՒՄՐԻ-20/25» հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը: Նրա խոսքով՝ նրանք պատրաստվում են մշակութային նոր համալիրներով զարկ տալ Գյումրիի մշակութային կյանքի վերածննդին, ստեղծել գրավիչ կետեր, որոնք հետաքրքիր կլինեն թե ներքին այցելուների, թե արտասահմանյան զբոսաշրջիկների համար, որպեսզի Գյումրին դառնա նախընտրելի վայր․

«Աշխատանքներն արդեն սկսված են։ Մեր հիմնական նպատակն է կամավոր աշխատել և հնարավորինս արագ ժամանակահատվածում փորձել նպաստ բերել «Կումայրի» պետական պատմա-ճարտարապետական արգելոց-թանգարան տարածքում անմխիթար, վթարային և կիսավեր  վիճակում գտնվող շենքերին, տարեկան գոնե մեկը վերանորոգել և հանձնել համայնքին։ Գյումրիում նախատեսվում է բացել երեք թանգարան»:

Դեմոյանը տեղեկացրեց, որ իրենք նաև նախատեսում են Գյումրին դարձնել զբոսաշրջության կենտրոն՝ տարբեր հայեցակարգերի, հրատարակությունների, նախաձեռնությունների և տուրիստական ուղղությունների միջոցով։

«ԳՅՈՒՄՐԻ-20/25» հիմնադրամի համահիմնադիրը նշեց, որ պետությունը գրավիչ դարձնելու և հանրահռչակելու համար կարևորագույն աշխատանքը պետք է լինի արտասահմանում տվյալ երկրի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնելը։

«Մշակվելու է  բավական լուրջ շարժական ցուցադրություն, ներկայացվելու են նաև Գյումրիի հարակից շրջանները։ Մենք պետք է նաև լրացնենք գիտահետազոտական աշխատանքի համար առկա բացը»,- եզրափակեց Դեմոյանը:

 «Նպատակ է դրվել ստեղծել երեք խոշոր թանգարանային նոր համալիր։  Այս պահին արդեն ձեռք ենք բերել մեկ շենք պատմաճարտարապետական արգելոցի տարածքում, բավականին մեծ շենք է, մոտակա երկու տարում ամրացման, վերանորոգման աշխատանքներից հետո նախնական  2021 թվականի սեպտեմբերին  կբացվի Հայկական լուսանկարչական արվեստի թանգարան։ Սա մեր մշակութային ժառանգության կարևոր հատվածն է: Ներկայումս բանակցություններ են ընթանում երկրորդ թանգարանի շուրջ։  Այն լինելու է Հայկական սպորտի թանգարան։ Այս թանգարաններն ուղղակի շենքներ ու տեղանքներ չեն, այլ հայեցակարգային, դիզայներական նախագծեր։ Երրորդ թանգարանային համալիրը դեռ փորձում ենք ճշգրտել։ Կան տարբերակներ»,- ասաց նա։