Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը»-ի մրցանակակիրներին հրավիրում է Արցախ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը մրցանակի արժանացած անձանց հրավիրելու է Արցախ, մեծարելու է նրանց և փորձելու է հասկանալ, թե ինչպես են հասել այդ հաջողություններին՝ ակնկալելով հերոսների աջակցությունն այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար: Սահակյանն այս մասին ասաց ՀՀ անկախության օրվա առթիվ կազմակերպված մրցանակաբաշխության  ընթացքում:

«Անկախությունը մեծագույն, գերագույն արժեք է: Եվ այդ արժեքը մշտապես արժևորելու լավագույն միջոցը աշխատանքն է: Մասնակցելով այդ մրցանակաբաշխությանը՝  մտահաղացում է առաջացել, մրցանակների արժանացած մեր հայրենակիցներին հրավիրելու եմ մեր հայրենիքի արցախյան հատված ու նորից մեծարելու եմ նրանց:  Այս կերպ է պետք հարգել և պաշտել հայրենիքի պաշտպաններին, այս կերպ է պետք սիրել հայրենիքը: Ես նաև Արցախում իբրև հնարավորություն եմ օգտագործելու՝ խորանալու, հասկանալու, թե ինչպես են նրանք հասել այդ հաջողություններին, և ակնկալելու եմ մեր հերոսների աջակցությունն այդ նույն հաջողությունը Արցախում արձանագրելու համար»,-ասաց Սահակյանը:

Նա շնորհավորեց բոլորին ՀՀ անկախության տոնի առիթով՝ ցանկանալով, որ հաջողությունն ուղեկից լինի հայրենաշինության ճանապարհին:

Գյումրիի  Սև բերդում Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Մրցանակը կհանձնվի այն մարդկանցից մեկին, որն իր ուժերով ստեղծել է սեփական բիզնես և իր ապագան կապել Հայաստանի հետ: Առաջին մրցանակաբաշխության մասնակիցները վերջին մեկ տարվա ընթացքում «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման հերոսներն են: Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյուրերը հերոսներին հանձնում են մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակ կսահմանվի վարչապետի մրցանակը: Նման միջոցառմամբ Անկախության օրը պետությունը ցույց է տալիս, որ մեծարում է քաղաքացուն և աշխատանքը: