Վանեցյանի «գործով» բռնությամբ ոստիկանություն տեղափոխվածները դիմել են «Նաիրի» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 17–ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայից բռնությամբ ոստիկանություն տեղափոխված Կարեն Ղազարյանը դեպքից հետո դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ բուժօգնություն ստանալու նպատակով։ Այս մասին 24News–ի հետ զրույցում նշեց Կարեն Ղազարյանի շահերը ներկայացնող «Բաբայան Քոնսալթինգ» փաստաբանական ընկերության տնօրեն Արսեն Բաբայանը։ 

«Ղազարյանը մարմնի տարբեր հատվածներում քերծվածքներ և  վերքեր է ունեցել։ Հիվանդանոցում հետազոտության է ենթարկվել և այդ կապակցությամբ բժշկի տեղեկանքը ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին», - ասաց Արսեն Բաբայանը։

Բաբայանի խոսքով՝ ՀՔԾ–ն դատաբժշկի ուղեգիր է տվել Ղազարյանին, նրա նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել, քանի որ նյութերը նախապատրաստական փուլում են։ 

Խոսելով Ղազարյանի հետ ոստիկանություն տեղափոխված մյուս քաղաքացիների մասին՝ Բաբայանը նշեց, որ մեկ քաղաքացի էլ հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները հայհոյել են իրեն։ 

Հիշեցնենք, որ հինգ քաղաքացիներ հոկտեմբերի 17–ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայից բռնությամբ ոստիկանություն տեղափոխվելու և  իրենց նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքի կապակցությամբ դիմել են ՀՔԾ։ Քաղաքացիների դիմում-բողոքն ընդունվել է վարույթ։

Մասնավորապես Կարեն Ղազարյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ի առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից, մի խումբ անձինք բռնության կիրառմամբ իր «Porshe Cayenne» մակնիշի ավտոմեքենայով իրեն, ինչպես նաև այլ մեքենաներով մի քանի քաղաքացիների, տարել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:
Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանությունում իրենից պահանջել են, որ ասի, թե իբր մարզադաշտի հարակից տարածքի ծաղկավաճառներից գումարներ է շորթել և տարել տվել ինչ որ անձի և ասի, թե ում է տվել: Տեսնելով, որ իրենց պահանջը չի կատարում, ավելին հրաժարվել է նման հայտարություն անելուց և գրելուց, այդ անձանց ցուցումով իրեն այդտեղ տարած դիմակավորված անձինք, իրեն հայհոյել և ծեծի են ենթարկել, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք:

Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել նաև այն մասին, որ ծեծելով փորձել են Կարեն Ղազարյանից ցուցմունք կորզել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։ 
Ըստ ոստիկանության փոխանցած տեղեկությունների՝ հոկտեմբերի 17–ին ծաղկի շուկայից մի քանի անձի բերման են ենթարկել՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով։

Նշենք, որ Կարեն Ղազարյանին բռնությամբ ոստիկանություն տեղափոխելու և նրա նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն։