Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանատուն բացել որպես ուղերձ ՀՀ-ին

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News  

/

Նիդերլանդների խորհրդարանի կոալիցիոն չորս կուսակցություններն առաջարկել են երկրի իշխանություններին 2 միլիոն եվրո հատկացնել արտաքին գործերի նախարարությանը` Երևանում դեսպանություն բացելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Քրիստոնեական միություն խմբակցության պատգամավոր, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդևինդը` ընդգծելով, որ այս քայլով Նիդերլանդները կհավաստի աջակցությունը Հայաստանի կառավարությանը ավելի վստահ քայլերով շարունակելու բարեփոխումները, պայքարը կոռուպցիայի դեմ և հանուն մարդու իրավունքների պաշտպանության:

«Նիդերլանդների Քրիստոնեական միություն խմբակցության նախաձեռնությամբ կոալիցիոն չորս ուժերն առաջարկեցին բացել դեսպանություն Երևանում: Ցանկանում ենք սատարել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, այն խիզախ քայլերին, որ նոր կառավարությունը ձեռնարկում է՝ կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման գործում։ Այս քաղաքական քայլով մենք ցանկանում ենք արտահայտել առևտրի ծավալների ավելացման հանձնառությունը: Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,-ընդգծեց խորհրդարանականը:

«Ինչու հիմա» հարցն, ըստ նրա, ունի հստակ պատասխան` երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սա շատ լավ ուղերձ է Երևանին` ցույց տալու Նիդերլանդների աջակցությունը՝ ավելի ամուր հիմքերի վրա կանգնելու կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարում, ուժեղացնելու դատական համակարգը: «Դրանով մեր ընկերությունների, բիզնեսի համար առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն գործունեություն ծավալելու Հայաստանում ավելի կայուն միջավայրում»,-նշեց նա:

Պատգամավորը խորհրդարանում քննարկման առարկա է դարձրել Թուրքիայի ներխուժումը Սիրիա։ Նա նկատել է, որ Սիրիայում հայերի նկատմամբ հարձակումները հիշեցնում են Հայոց ցեղասպանությունը:

«Լինելով ՆԱՏՕ-ի անդամ` Թուրքիան հարձակվում է ինքնիշխան պետության` Սիրիայի վրա: Հայերը կրկին հետապնդվում են, անգամ սպանվում, ինչպես օրեր առաջ Ղամիլշիում ահաբեկչության զոհ դարձան երկու հայեր: Մենք ականատես եղանք ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, մեր խորհրդարանը ևս դատապարտել է այն, և մենք շարունակում ենք ճնշումները կառավարության վրա, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ընդգծեց Ջոել Ֆորդևինդը, ով նաև Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի համանախագահն է: