ՊԵԿ-ը կատարելագործում է վերլուծական կարողությունները հետբացթողումային հսկողության փուլում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային հսկողությունն ապրանքների բացթողմանը հաջորդող փուլ տեղափոխելու ճանապարհին գործարկում է ինքնաշխատ ծրագրեր: Հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է, որ արդյունավետ հսկողություն իրականացնելու նպատակով կատարելագործվում են վարչության վերլուծական կարողությունները: Այս մասին տեղեկացանք ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ավտոմատացվում է գործարքների վերլուծությունը, ինչը թույլ կտա ինքնաշխատ ծրագրով վերհանել մաքսազերծման ընթացքում կատարվող ցանկացած գործարքի ռիսկերը: Գործարկվելու է նաև տնտեսվարող սուբյեկտների վարքագծի գնահատման ինքնաշխատ համակարգ, որով կազմակերպությունները դասակարգվելու են ըստ ռիսկայնության ցածր, միջին և բարձր աստիճանների: «Սա արվում է այն նպատակով, որպեսզի տարիների ընթացքում իրավախախտում չկատարած տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ավելի մեղմ մոտեցում ցուցաբերվի, իսկ մանրամասն և խիստ վարչարարությունն իրականացվի ռիսկայինների դեպքում»,-ընդգծել է Արմեն Սաֆարյանը: Նա տեղեկացրել է, որ կատարվելու է նաև ոլորտային վերլուծություն, այսինքն` տնտեսվարողների վարքագիծը գնահատելիս վերհանվելու են ոլորտային օրինաչափությունները:

«Վերլուծական գործիքների կիրառումը թույլ կտա վերահսկել ամբողջ շղթան` ներմուծումից իրացում»,-վստահեցրել է Արմեն Սաֆարյանը` հավելելով, որ վերլուծական կարողությունների զարգացումն առավելապես միտված է իրավախախտումների կանխարգելմանը:

Հետբացթողումային հսկողության վարչությունն աշխատում է նաև կամերալ ուսումնասիրությունների ինստիտուտի ներդրման ուղղությամբ, ինչը թույլ կտա հետբացթողումային փուլում տնտեսվարողներին ներկայացնել վերհանված ռիսկերը և ստանալ նրանց պարզաբանումները: Արդյունքում հիմնավոր պատասխանի դեպքում վարչությունը կդադարեցնի ստուգման գործառույթները, իսկ հակառակ դեպքում` գործընթացն, ըստ անհրաժեշտության, կշարունակեն այլ ստորաբաժանումները:

Հատկանշական է, որ ԵԱՏՄ անդամ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների արդյունավետության գնահատման սանդղակում նախորդ տարվա համեմատ ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչությունը մոտ 3 անգամ բարելավել է դիրքերը` 24 միավորի փոխարեն գնահատվելով 61 միավորով: Վարչության պետի համոզմամբ` դա որդեգրված մոտեցումների և իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունք է: 

2019թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հետբացթողումային հսկողության վարչությունն իրականացրել է 67 մաքսային ստուգում, ինչի արդյունքում լրացուցիչ հաշվարկվել են մոտ 253 մլն դրամի մաքսային վճարներ: Եղել են ապրանքների սխալ դասակարգման, սխալ մաքսային արժեքի ներկայացման և այլ բնույթի խախտումներ: ՀՀ մաքսային մարմիններին մաքսային ձևակերպումների ժամանակ ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը ճշտելու նպատակով 245 ընկերությունների վերաբերյալ 38 պետության 371 հարցում է կատարվել: Ուսումնասիրվել են «ժամանակավոր ներմուծում» և «վերամշակում ներքին տարածքում» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված համապատասխանաբար 557 և 820 ապրանքների հայտարարագրեր: Համադրվել են նաև օտարերկրյա 9 պետություններից ՀՀ ներմուծված ապրանքներին վերաբերվող 13.644 ապրանքների հայտարարագրեր: Ռիսկերի ցուցիչների հիման վրա 9.100 անձինք դասակարգվել են` ըստ ռիսկի ցածր, միջին և բարձր մակարդակների:

ԵԱՏՄ անդամ պետություների կողմից բացահայտված իրավախախտումների ուսումնասիրության շրջանակում վերլուծվել են ԱՏԳ ԱԱ սխալ դասակարգման հատկանիշներ ունեցող 120 ծածկագրերով կատարված գործարքները: Ուսումասիրվել են նաև 140 ռիսկային ԱՏԳ ԱԱ ծածկագրերով ապրանքների ներմուծումները Հայաստան: Ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտված անհամապատասխանությունների 15 դեպքերով կազմվել են համապատասխան տեղեկանքներ:

Ապրանքների բացթողումից հետո մաքսային գործարքների հսկողության շրջանակում ուսումնասիրվել են 6,900 ապրանքների հայտարարագրեր, որի արդյունքում բացահայտվել և արձանագրվել է մաքսային օրենդրության պահանջների խախտման 32 դեպք, իսկ անհամապատասխանությունների 48 դեպք հանձնվել է հետագա ուսումնասիրության:

Տեսանյութեր

Live

Լրահոս